Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային անդամակցության հրավեր կուղարկի, երբ բոլոր անդամները համաձայնվեն ու կատարվեն պայմանները. Ստոլտենբերգ


«Այսօր «Մեծ յոթնյակի» անդամները համատեղ հռչակագիր ընդունեցին Ուկրաինային աջակցելու մասին և հստակ նշվում ենք, որ մեր աջակցությունը կշարունակվի ապագայում։ Մենք պատրաստվում ենք օգնել Ուկրաինային կառուցելու ուժեղ պաշտպանական կարողություններ ցամաքում, օդում և ծովում, որը տարածաշրջանում կայունություն ապահովելու և ցանկացած սպառնալիքները զսպելու ուժ կլինի»,- այսօր Վիլնյուսում հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ «Մեծ յոթնյակի» առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ։

Ուկրաինայի նախագահն ասաց, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները շատ կարևոր են և նշանակալից հաջողություն են Ուկրաինայի համար։ Նա շնորհակալություն հայտնեց դաշինքի անդամ երկրների առաջնորդներին գործնական և աննախադեպ աջակցության համար՝ Ուկրաինայի անդամակցության ճանապարհին։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Ուկրաինայի անդամակցության ժամկետ չընդունեց

Վիլնյուսում ձևավորվեց նաև ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ, որը ստեղծվելուց ժամեր անց առաջին նիստն անցկացրեց։ Նիստին մասնակցում էին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նորաստեղծ խորհուրդը կոչված է ամրապնդելու ՆԱՏՕ-Ուկրաինա կապերը, քանի որ անդամակցության հարցում Վիլնյուսի գագաթաժողովը կոնկրետ ժամկետներ չընդունեց։

Զելենսկին ամեն կերպ ձգտում էր հասնել այդ նպատակին, երեկ Թվիթերում գրել էր, որ աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության ժամկետները։

Դաշինքը չգնաց այդ քայլին, բայց անդամակցության ճանապարհը հեշտացնելու ու աջակցությունը շարունակելու որոշումներ ընդունվեցին։

Յենս Ստոլտենբերգի հետ այսօրվա հանդիպմանը հաջորդած ասուլիսին Զելենսկին ասել է, որ գագաթաժողովի արդյունքները դրական են, բայց եթե անդամակցության հրավեր ստանային, իդեալական կլիներ:

Նա համոզմունք է հայտնել, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։

«ՆԱՏՕ-ն մեր կարիքն ունի այնպես, ինչպես մենք ՆԱՏՕ-ի»,- ընդգծել է Զելենսկին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համատեղ ասուլիսում ասել է․ - «Այսօր մենք հանդիպում ենք ինչպես հավասարը հավասարի հետ, ես անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ կհանդիպենք որպես դաշնակիցներ»։

«Առաջին անգամ հանվում է «Գործողությունների պլանը»

Ինչ վերաբերում է Ուկրաինայի անդամակցության ճանապարհը հեշտացնելու որոշմանը, ապա խոսքը վերաբերում է երկար ժամանակ պահանջող «Գործողությունների պլանը» իրականացնելու նախապատրաստական փուլին։ Ուկրաինայի համար բացառություն արվեց, այդ փուլը նա չի անցնի։

Երեկ երեկոյան Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում հրապարակվեց Վիլնյուսի գագաթաժողովի 90 կետից բաղկացած կոմյունիկեն։

Մամուլի ասուլիսում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասաց, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային անդամակցության հրավեր կուղարկի, երբ բոլոր անդամները համաձայնվեն ու կատարվեն պայմանները։

«Լայնածավալ պատերազմ է ընթանում, ուստի կարծում եմ բոլոր դաշնակիցները համաձայն են, որ հիմա Ուկրաինայի լիիրավ անդամակցության ժամանակը չէ։ Երկու տարբեր բաներ կան, պատերազմը և կառավարման, կոռուպցիայի, փոխգործակցության հարցերը։ Այս երկուսին էլ մենք պետք է անդրադառնանք։ Ի վերջո, ինչպես մենք միշտ անում ենք ընդլայնման դեպքում դաշնակիցները պետք է գնահատեն այդ պայմանների կատարումը, իսկ հետո հրավերի որոշում ընդունեն»։

Ստոլտենբերգը նաև ընդգծել է Ուկրաինայի համար դրական պահը՝ առաջին անգամ հանվում է «Գործողությունների պլանը». - «Սա մեծ քայլ է, անդամակցության համար ՆԱՏՕ-ի կողմից երբեք նման ուժեղ ու հատուկ հայտարարություն չի եղել։ Մենք իրականում պատրաստվում ենք ապահովել, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ»։

ՆԱՏՕ-ն բարձր պատրաստվածության 300 հազար զինծառայող կունենա

Գագաթաժողովի մյուս կարևոր արդյունքների մասին նա նշել է, որ սառը պատերազմի ավարտից ի վեր հաստատվել է ամենաընդգրկուն պաշտպանական ծրագիրը, որը կոչված է դիմակայելու երկու հիմնական սպառնալիքներին՝ Ռուսաստանին ու ահաբեկչությանը։ Ըստ նոր պլանի՝ ՆԱՏՕ-ն բարձր պատրաստվածության 300 հազար զինծառայող կունենա, ներառյալ ռազմաօդային ու ռազմածովային զգալի ուժեր։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը անդրադարձել է նաև Չինաստանին։ Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ Չինաստանին հակառակորդ չեն համարում, բայց Պեկինը գնալով ավելի ու ավելի մարտահրավերներ է նետում միջազգային օրենքների վրա հիմնված աշխարհակարգին և դաշնակիցները համաձայնվել են պաշտպանվել Չինաստանի վարքագծից։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցել են նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակից երկրների առաջնորդները։

Զելնսկին այսօր մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել՝ մասնավորապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Բրիտանիայի վարչապետի, Գերմանիայի կանցլերի հետ, Կանադայի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի հետ, սպասվում է նրա և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։

Երկկողմ հանդիպումներից առանցքային էր Բայդեն-Էրդողան հանդիպումը, որից հետո Թուրքիայի նախագահն ասել, թե թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր փուլ է սկսվում։

XS
SM
MD
LG