Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով ավագ տնօրեն Ամանդա Սլոութի փոխանցմամբ, «Մեծ յոթնյակի» երկրները կհայտարարեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու մասին:
«Նախագահ Ջո Բայդենը, «Մեծ յոթնյակի» լիդերները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես կգան կարևոր հայտարարությամբ: Միացյալ Նահանգները և «Մեծ յոթնյակը» կհայտարարեն Ուկրաինայի սատարելու մասին և կօգնեն այդ երկրին ստեղծել այնպիսի զինված ուժեր, որոնք ի զորու կլինեն պաշտպանվել և զսպել ապագայում հնարավոր հարձակումներն»,- ասել է Սլոութը:
Նրա խոսքով, այդ երաշխիքների մասին հայտարարությունը կհրապարակվի այսօր՝ Վիլնյուսում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո:
Հայտարարությունում տեղ կգտնեն Ուկրաինայի գործընկերներին հասցեագրված դրույթներ, որոնք ուղղված են երկարաժամկետ անվտանգության երկկողմ երաշխիքների տրամադրմանը:
«Մի քանի երկրների հեղինակած համատեղ հայտարարությունը կդառնա հստակ ուղերձ Ռուսաստանին առ այն, որ ժամանակը նրա կողքին չէ»,- ասել է Սլոութը: