Կրեմլի խոսնակը ՆԱՏՕ-ն անվանել է «ագրեսիվ և Ռուսաստանի համար վտանգավոր հարձակողական դաշինք», իսկ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը «չափազանց սխալ և շատ վտանգավոր» որոշում։
Դմիտրի Պեսկովի խոսքով, նման երաշխիքները «խախտում են Ռուսաստանի անվտանգությունը», և դա «հղի է բացասական հետևանքներով»։
Կրեմլը բազմիցս գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե արևմտյան աննախադեպ օգնությունը չի օգնի Ուկրաինային հաղթել պատերազմում, այլ հակառակը։ Մասնավորապես, այսօր Պեսկովն ասել է, թե Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելը ստիպում է Ռուսաստանին հակաքայլեր ձեռնարկել։ Թե կոնկրետ ինչ քայլեր, Պուտինի մամուլի քարտուղարը չի նշել՝ հավելելով, թե դա կորոշի Պաշտպանության նախարարությունը։
Պեսկովի այս հայտարարությունից հետո միանգամից խոսել է Պաշտպանության նախարարը։ Ընդ որում, նա առաջին հարցազրույցն է տվել Պրիգոժինի չստացված ապստամբությունից հետո։ Հարցազրույցում Շոյգուն պնդել է, թե ուկրաինացիները չեն կարողանում առաջ գնալ ոչ մի ուղղությամբ և որպես ապացույց բերել է արևմտյան փորձագետների գնահատականները։
Անդրադառնալով կասետային զինամթերքին, որն Ուկրաինային համաձայնել է մատակարարել Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը սպառնացել է, որ եթե Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարվի, ապա ռուսական բանակը կսկսի դրանք կիրառել մարտի դաշտում. - «Ռուսաստանը շատ մեծ քանակի կասետային զինամթերք ունի, ավելի շատ ու արդյունավետ զինամթերք, քան ամերիկացիներն ունեն»։
Սրա հետ մեկտեղ Շոյգուն պնդում է, թե մինչ այժմ ռուսական կողմը կասետային զինամթերք ուկրաինական պատերազմում չի օգտագործել։
Ուկրաինայի իշխանությունները սակայն հակառակն են ասում՝ պնդելով, թե լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակը բազմիցս օգտագործել է կասետային զինամթերք։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կասետային զինամթերքի մատակարարումը բացատրել է նրանով, որ դա «միջանկյալ տարբերակ է՝ մինչև ԱՄՆ-ն մեծացնի հրետանային արկերի արտադրությունը»։ Նա վստահեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքը կօգտագործեն միայն «իրենց տարածքում՝ նվազագույնի հասցնելով սեփական բնակչության համար ռիսկերը»։
Արևմտյան նոր սպառազինությունը անհրաժեշտ է Ուկրաինային հունիսին սկսած հակահարձակմանը հնարավորինս լուրջ հաջողություններ գրանցելու համար, հատկապես որ Արևմուտքի առանձին առաջնորդներ սկսել են հայտարարել, թե չեն կարող անվերջ օգնել Ռուսաստանի ագրեսիային դիմադրող Ուկրաինային, և գալու է մի պահ, երբ բանակցություններն անխուսափելի են լինելու։
Ուկրաինան ամեն օր հայտարարում է որոշակի հաջողությունների մասին
Իսկ առայժմ ուկրաինական կողմը ամեն օր հայտարարում է որոշակի հաջողությունների մասին։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ուկրաինական զորքերը հաջողությամբ առաջ են գնում Բախմուտի մերձակայքում։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Անդրեյ Կովալյովի խոսքով, ուկրաինական բանակը շարունակում է հարձակողական գործողություններ իրականացնել Բախմուտ քաղաքից հյուսիս և հարավ՝ «Բելայա Գորա - Անդրեևկա և Բելայա Գորա - Կուրդյումովկա ուղղություններով։
Մինչ այդ, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարն այսօր ասել է, թե ԱՄՆ Կենտրոնական հետախության ղեկավարի հետ հունիսի վերջին երկար քննարկել է Ուկրաինայի հետ անելիքները. - «Ամերիկացի գործընկերոջ կողմից հեռախոսազանգի պատրվակը, ինչպես ես եմ գնահատում, հունիսի 24-ի դեպքերն էին։ Պարզ է, թե ինչպես եմ պատասխանել այս հարցին։ ի վերջո մոտ մեկ ժամանոց զրույցի հիմնական մասը Ուկրաինայի մասին էր»։
«Մենք մտածում էինք, թե ինչ անել Ուկրաինայի հետ», - ասել է Նարըշկինը։
Լավագույն տարբերակը Ուկրաինայի համար՝ անդամակցությունն է ՆԱՏՕ-ին. Կուլեբա,
«Ազատության» Настоящее время ծրագրին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, թե ժամանակին Խորհրդային Միության փլուզման ժամանակ, Կիևը հրաժարվել էր իր տարածքում առկա միջուկային զենքից անվտանգության ինչ-որ երաշխիքների դիմաց․ - «Մեզ պետք չէ երկրորդ Բուդապեշտի հուշագիրը, երբ մենք հրաժարվեցինք միջուկային զենքից դատարկ խոստումների համար: Մենք չենք հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից որևէ խոստման համար: Մեր գործընկերներն էլ են հասկանում են, որ ամենաուժեղ, ամենահզոր երաշխիքը, որ Եվրոպայում այլևս պատերազմ չի լինի՝ Ուկրաինայի անդամակցությունն է այս դաշինքին»:
«Անվտանգության մյուս բոլոր երաշխիքները լավն են, սակայն չեն կարող փոխարինել անդամակցությանը ՆԱՏՕ-ին», - հավելել է Կուլեբան։