Մատչելիության հղումներ

Ալիև. «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»


«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է», - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին այսօր հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Որքան արագորեն բացվի Զանգեզուրի միջանցքը, այնքան լավ։ Ներկայիս աշխարհքաղաքական պայմաններում «Միջին տրանսպորտային միջանցքի» կարևորությունը մեծանում է։ Կասպից ծովի ափով բեռնափոխադրումների ծավալն աճում է, այդ իսկ պատճառով մենք ընդլայնում ենք մեր տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունները։ Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման հարցը, և ես կարող եմ ասել, որ այդ միջանցքի բացումն անխուսափելի է։ Ամեն դեպքում, մենք այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը մեծացնելու ենք։ Այդ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում գործարար կապերի վրա», - նշել է Ալիևը։

Թուրքիայի նախագահը ևս այսօր Բաքվում չշրջանցեց այս թեման, պնդելով, թե հաղորդակցության ուղիները Հարավային Կովկասում պետք է օր առաջ ապաշրջափակվեն։

«Զանգեզուրի միջանցքի բացման հարցը պետք է արագորեն լուծել։ Այդ ճանապարհի բացումը կթեթևացնի նաև տրանսպորտային հաղորդակցությունը Թուրքիայի և Նախիջևանի միջև», - հայտարարել է Էրդողանը։

Երկու նախագահների այս հայտարարությունները հնչեցին ավելի քան մեկ ժամ շարունակված դեմ առ դեմ, ապա նաև ընդլայնված ձևաչափով բանակցությունների ավարտին։ Եվ հենց ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ էր, որ Թուրքիայի նախագահը հայտարարեց Շուշիում Գլխավոր հյուպատոսարան բացելու պատրաստակամության մասին։

«Մենք ցանկացած պահի պատրաստ ենք Շուշիում Գլխավոր հյուպատոսություն բացել, այն պահին, երբ դուք դա ցանկանաք», - պետական Azertag գործակալության փոխանցմամբ՝ դիմելով իր ադրբեջանցի պաշտոնակցին՝ ասել է Էրդողանը՝ հատուկ ընդգծելով, որ նման քայլի շուտափույթ իրագործումը՝ «ուղերձ կլինի ողջ աշխարհին՝ մասնավորաբար Հայաստանին»։

Բանակցությունների թեմաներից էր երկկողմ ռազմական համագործակցության հետագա խորացումը

Ադրբեջանական և թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիև-Էրդողան բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը նաև երկկողմ ռազմական համագործակցության հետագա խորացումն էր։

«Մենք այսօր քննարկեցինք նաև պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում մեր համագործակցության հեռանկարները։ Այս տարի նախատեսված է 16 համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություն անցկացնել, դրանցից վեցը արդեն կայացել են։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո մենք ասում էինք, որ ադրբեջանական բանակը այսուհետ զարգանալու է թուրքական մոդելի հիման վրա, և այսօր մենք դրա ապացույցները տեսնում ենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի խոսքով՝ այսօր աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը և միջազգային իրավունքի նորմերը չեն աշխատում։

«Մենք դա տեսնում էին 30 տարի շարունակ, երբ Ադրբեջանի հողերը հայկական օկուպացիայի տակ էին։ Բանակցությունները որևէ արդյունք այդպես էլ չտվեցին։ Արդյունավետը մեր ուժն էր», - նշել է Իլհամ Ալիևը՝ ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնելով Թուրքիային 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած «բարոյական և քաղաքական աջակցության համար»։

Թուրքիայի նախագահն այսօր ևս խոսում էր Բաքվի և Անկարայի, իր բնորոշմամբ, «եղբայրական հարաբերությունների» մասին, որոնց զարգացմանն, իր խոսքով, աշխարհում հետևում են նախանձով։ Էրդողանն այսօր հույս էր հայտնում, որ իր նոր մեկնարկած երրորդ նախագահական ժամկետի ընթացքում թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները շարունակելու են զարգանալ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG