Մատչելիության հղումներ

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության այլընտրանքը Ադրբեջանի հարվածներն են Արցախի բանակին. Բորիս Նավասարդյան


«Ազատության» հյուրը քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանն է։

«Ազատություն». - Ստեփանակերտը մերժել է երրորդ երկրում բանակցել Բաքվի հետ։ Ընդ որում, սա ամերիկյան միջնորդություն էր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Նավասարդյան. - Այն, որ երկխոսությունը անհրաժեշտ է, ես արդեն խոսում եմ երևի անմիջապես 44-օրյա պատերազմից հետո, որպեսզի հստակեցվի ի վերջո Ադրբեջանը ինչ կարող է առաջարկել Արցախի մեր հայրենակիցներին։ Բայց իհարկե, Ադրբեջանն էլ առանձնապես կառուցողական չէ այդ մոտեցումներում, այսինքն՝ օրակարգը փորձում է ձևավորել անմիջապես։ Իսկ դա նշանակում է, որ կանխատեսվում են շատ կոնկրետ արդյունքներ։ Բանակցությունները նման պայմաններում սովորաբար արդյունավետ չեն լինում։ Կամ անմիջապես հենց սկզբից ավարտվում են, կամ երկար զրույցներ են տեղի ունենում առանց որևէ արդյունքների։ Ես կարծում եմ, որ եթե իրոք Ադրբեջանը շահագրգռված է խոսել Ստեփանակերտի հետ, անհրաժեշտ է, որ օրակարգը անուն չունենա, բայց ներկայացվեն շատ կոնկրետ առաջարկներ, թե ինչպիսի պատկերացում ունի Բաքուն Արցախի ապագայի վերաբերյալ։ Եվ ամբողջ վերջին ժամանակների բանակցությունները, հիմնականում Առլինգտոնում, խոսում են նրա մասին, որ Ադրբեջանում կա գիտակցություն, որ եթե նրանք մերժում են միջազգային մեխանիզմները, նրանք պետք է գոնե առաջարկեն իրենց օրակարգը, որը կիրառելի է և որի համար համաձայնության պարագայում նրանք կրելու են պատասխանատվություն։ Այդ գիտակցումը շատ կարևոր է։ Կարելի է արդեն լսել այն ադրբեջանական փորձագետներից, որոնք ներկայացնում են պաշտոնական տեսակետը, բավականին կոնկրետ առաջարկներ։

«Ազատություն». - Ամենահայտնին ինտեգրացիան է, և ահա սրա համար է մերժում Ստեփանակերտը որևէ տեսակի խոսակցություն։

Նավասարդյան. - Այո, դա խնդիրներից մեկն է, որի հետ մենք բոլորս բախվում ենք։ Քանի որ արդեն եթե ի սկզբանե նման օրակարգ է առաջարկվում, դա նշանակում է, որ քննադատությունը տարբեր կողմերից և' Հայաստանում, և' Արցախում կլինի բանակցողների նկատմամբ, և նախապես նրանք կհամարվեն ոչ լեգիտիմ բանակցողներ։ Առանց դրա էլ շատ դժվար է որոշել, թե ով կարող է այսօր բանակցություններին մասնակցել արցախահայության անունից։ Արդեն լսել ենք Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ ներկա բարձրաստիճան պաշտոնյաները այլևս լեգիտիմ բանակցողներ չեն։ Ինչ-որ տեղ կարելի է այդ մոտեցման հետ համաձայնել, բայց այլ տեսակետից։ Մենք հասկանում ենք, որ այսօր իրականացնելու համար Արցախի կառավարման գործառույթները ներկա ղեկավարները Արցախի պետք է սերտորեն համագործակցեն ռուս խաղաղապահների հետ։ Իսկ այդ համագործակցությունը և համաձայնեցված գործողությունները չեն ենթադրում երկխոսություն որևէ հարցերի շուրջ Բաքվի հետ, քանի որ դա չի բխում Ռուսաստանի շահերից։

«Ազատություն». - Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Պուտինին, որի բովանդակությունը չի հրապարակվում։ Պարզ է, որ դա օգնության խնդրանք է։ Գուցե Արցախում Ղրիմի, Աբխազիայի հո՞ւյս ունեն։

Նավասարդյան. - Ես կարծում եմ, որ նույնիսկ, ցավոք, Ղրիմի ժողովուրդը չի կարող այսօր ապավինել (ցավոքը ես պայմանականորեն եմ ասում, իրենց համար ցավոք) Ռուսաստանի օգնությանը, որովհետև Ռուսաստանը դաժանորեն արդեն կարելի է ասել, հաշվի առնելով նաև ներքին անկայությունը, դաժանորեն պարտվում է Ուկրաինայում, և կարծես թե որևէ այլընտրանքային արդյունք էս պատերազմի չի կարող լինել։ Այց վագներականների գործողությունների երկու օրերի ընթացքում ապացուցում են, որ Ռուսաստանը ո'չ ներքին, ո'չ արտաքին ռեսուրս չունի, որպեսզի հաջողությամբ ավարտի պատերազմը Ուկրաինայում։ Իսկ էդ պայմաններում մտածել, որ Ռուսաստանը կարող է իր վրա վերցնել ևս մեկ բեռ, մանավանդ որ էդ բեռը կնշանակի առճակատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, այն երկրների հետ, որոնց հետ Ռուսաստանը շատ լուրջ հույսեր է կապում։ Գոնե տնտեսական հարցերը լուծելու առումով նրանք այսօր կարելի է ասել հիմնական գործընկերներից են Ռուսաստանի պատժամիջոցների հաղթահարման տեսակետից»։

«Փաստորեն տեսնում ենք, որ ջախջախվում է նոյեմբերի 9-ի համաձայնությունը»

«Ազատություն». - Արդեն 20 օրից ավելի է՝ Արցախ նաև հումանիտար բեռ չի մտնում՝ սնունդ, դեղորայք: Այս մասին է՞լ չգիտեն Մոսկվայում:

Նավասարդյան. - Դե Մոսկվայի իմանալ կամ չիմանալը այստեղ որևէ նշանակություն չունի: Մենք արդեն երկար ժամանակ տեսնում ենք, որ որևէ հարց, Մոսկվան վերցնելով իր վրա հսկայական պատասխանատվություն` ի վերջո, եռակողմ հայտարարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ենթադրում է, որ Ռուսաստանը համարյա հավասարազոր կողմ է հայտարարության և դրանից բխող պայմանավորվածությունների, բայց որևէ կետի համար, փաստորեն, Մոսկվան, Ռուսաստանը երաշխավոր չէին դարձել: Եվ դա է պատճառը՝ ինչու մենք հերթով փաստորեն տեսնում ենք, որ ջախջախվում է այդ համաձայնությունը, և մնացել է ընդամենը մեկ կետ, որի շուրջ դեռ խոսելու անհրաժեշտություն կա՝ դա Մեղրիի ճանապարհն է: Եվ այնտեղ էլ մենք արդեն տեսնում ենք, որ տարաձայնություններ կան ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև: Այսինքն, այս կետի պահպանումն էլ այլևս՝ այնպես, ինչպես այն գրված է, պահպանման հեռանկարներ չեն երևում: Եվ դա խոսում է նրա մասին, որ վաղուց էր ժամանակը եկել, որ այդ համաձայնությունից պետք է հրաժարվել, բայց հրաժարվելը կարող է լինել, եթե նույն խնդիրների շուրջ կան նոր այլընտրանքային պայմանավորվածություններ, քանի որ մինչև դրանք չլինեն, հրաժարվես, չհրաժարվես՝ միևնույն է, ոչ մի բան չի փոխվում:

Եվ կարծում եմ՝ բանակցությունները, հաշվի առնելով, որ ամեն դեպքում կարևորագույն ոլորտներին են վերաբերում այդ 9 կետերը, հերթով պետք է գնան և ինչ-որ նոր լուծումներ գտնեն, որոնք կունենան ավելի վստահելի երաշխավոր, քան Ռուսաստանն է:

«Ազատություն». - Դուք նկատի ունեք այս խաղաղության պայմանագրի նախագի՞ծը, որ հիմա սեղանին է:

Նավասարդյան. - Ես կարծում եմ, որ մինչև խաղաղության պայմանագրի նախագիծը կարելի է ունենալ նաև աշխատանքայի փաստաթուղթ, որտեղ լինեն նախագծեր նույն խնդիրների լուծման վերաբերյալ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG