Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա պետք է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Ղարաբաղից:
«Չնայած Հայաստանը ստիպված էր ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս կան հայկական զինված ուժերի մնացորդներ», - ասել է Ալիևը՝ զգուշացնելով, որ ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն:
Ադրբեջանի առաջնորդը դժգոհել է, որ Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, այնինչ, ըստ Ալիևի, Երևանն այդ պարտավորությունը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ուստի պետք է իրականացնի այն։
Իլհամ Ալիևը ելույթ է ունենում «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ Բաքվում անցկացվող հավաքին, որին ներկա են նաև Թուրքիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: