Մատչելիության հղումներ

Ինչի՞ց են մահացել տղաները, ինչո՞ւ չեն փախել. Ազատի կացարանում զոհվածների ծնողների հարցերը 6 ամիս անց միայն խորացել են


Ազատի զինվորական կացարանում մի գիշերում մոխրացած 15 զինվորների ծնողների ձեռքում վերջերս հայտնվել է մի հեռախոսային ձայնագրություն. օրապահ զինծառայողը վաշտը ղեկավարող զինվորականներից մեկին զեկուցում է հրդեհի մասին: «Ինչ հանգիստ է լսում պատասխանատու զինվորականը», - ապշած է զոհված զինծառայողներից Միշա Դումիկյանի հայրը։

«Ոնց որ սպասելիս լինեն, ոնց որ սովորական էլի», - ասաց Կարեն Դումիկյանը:

Զոհվածներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն էլ նշեց. «Ո՞վ է պատասխանատուն, այսինքն, ո՞վ է պատասխանատուն, էդ պետք է լիներ իրա մինիմում 10-րդ հարցը: Ո՛չ խուճապ, ո՛չ բան»:

Հունվարի 19- ի գիշերը՝ 1:12-ին է այս զանգը եղել՝ կրակն արդեն ամբողջությամբ տարածված, 15 զինվորները ներսում:

«30 րոպեի ընթացքում էդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է», - ասաց Զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը:

Ծնողների փաստաբանը վստահ է՝ սպա Եղիշե Հակոբյանի մի սուրճի բաժակի չափով բենզինը վառարանի կրակի վրա լցնելը չէր կարող այսպիսի ողբերգության պատճառ դառնալ: Ըստ փորձաքննության, 15 զինծառայողների մահվան պատճառը շմոլ գազն ու այրվածքային շոկն են։

Այս ողբերգությունից շուրջ 6 ամիս անց հարցերը, կասկածները, անվստահությունը քննություն իրականացնողների նկատմամաբ միայն խորացել են: Ինչի՞ց են մահացել տղաները, ինչո՞ւ դուրս չեն փախել հրդեհվող կացարանից. զոհված զինծառայողների ծնողները 4 օր առաջ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպեցին, ասում են՝ «հեռացանք հիասթափված»:

«Ցրում ա. բառացիորեն մարդու ռեալ հարցը տաս, ինքը ուրիշ բան ա ասում, ես զարմանում եմ, էդ հարցը ո՞նց կարելի ա չհասկանալ», - ասաց զոհվածներից Հայկ Կիրակոսյանի հայրը:

Վարչապետի հետ երկու ամիս առաջ էլ էին հանդիպել, ծնողներն ասում են՝ այդ ժամանակ իրենց խնդրել են սպասել, այս մի հանդիպմանը գնացել էին այն հույսով, որ ի վերջո կստանան իրենց հարցերի պատասխանները, բայց լսել են պաշտոնական վարկածով հրդեհի գլխավոր գործող անձի՝ Եղիշե Հակոբյանի ցուցմունքի ընթերցանությունը:

Հանդիպումը փակ է եղել, պայմանով, որ դրան փաստաբանն էլ չմասնակցի: Նոր հանդիպման ցանկություն ծնողները չունեն՝ իրենց ընկալմամբ հանդիպման ցանկություն վարչապետն էլ չունի, ասել է՝ «գործը դատարան կմտնի, այնտեղ էլ ձեր մտահոգությունները կփարատվեն»:

Ըստ փաստաբանի՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաբժշկական նոր փորձաքննություն է նշանակվել

Փաստաբան Նորայր Նորիկյանի տեղեկացմամբ՝ դատաբժշկական նոր փորձաքննություն է նշանակվել, նաև չեն ավարտվել հրդեհատեխնիկական փորձաքննությունները։ ենթադրում է՝ այս ամիս եզրակացությունները պատրաստ կլինեն ու գործը կմտնի դատարան: Ըստ Նորիկյանի, այլ վարկածներ այդպես էլ չքննվեցին, ուժի մեջ մնաց այն, ինչ դեպքի օրը հայտարարեց վարչապետը՝ սպան բենզինով փորձել է թեժացնել վառարանի կրակը ու հրդեհ է բռնկվել։

Փաստաբանը ծնողների հետ իրենց հետաքննությունն են արել, բացառում են, որ թեկուզ այդ կես ժամում տղաները հրդեհից փրկվելու փորձ չանեին, էլի են պնդում՝ իրավապահներն ի սկզբանե այլ վարկածներ չդիտարկեցին, իսկ դրանք քիչ չէին. - «Կարող էր լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ ուղղակի դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի հաղորդակցության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ»:

Ինչո՞ւ էին ինժեներասակրավորային վաշտի զինվորներին տեղավորել Ազատ գյուղի մի խարխուլ լքված տանը, որ փոքր-ինչ բարեկարգվել էր ծնողների ջանքերով, ո՞վ էր այդ որոշումը կայացրել, փաստաբանի ու ծնողների այս հարցը դեռ անպատասխան է:

«Կան պաշտոնյաներ, որոնք դուրս են մնացել քրեական հետապնդման գործընթացից», - ասաց Նորիկյանը:

Ազատի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալները 5-ն են. Քննչական կոմիտեից տեղեկացանք՝ նրանցից 3-ը այժմ կալանքի տակ են, 2-ի խափանման միջոցը բացակայելու արգելքն է։

Հակահրդեհային կանոնների պահպանման պատասխանատու զինվորականներ են և կրակը բորբոքած սպա Եղիշե Հակոբյանը, վերջինիս փաստաբանի հարցերը նույնն են՝ ինչի՞ց են մահացել տղաները, ինչո՞ւ չեն փախել. - «15 հոգի միաժամանակ ո՞նց կարող էին մահանալ, առնվազն պետք է վայրկյանական փչեր էդ շմոլ գազը կացարանի մեջ, որ էդ մարդիկ չկարողանային շարժվել»:

Սպան արդեն 4 ամիս է՝ կալանավորված է, միայն ցուցմունք է տվել, ոչ մի առերեսում, քննչական այլ գործողություն չի կատարվել, շեշտում է նրա փաստաբանը: Հովսեփ Սարգսյանի դիտարկմամբ՝ վարույթն իրականացնողները միայն մեկ նպատակ ունեն՝ հաստատել այն, ինչ հնչել է հրդեհի օրը՝ հունվարի 19-ին։

«Նախաքննությունը սկսվել է 2023 թվականի հունվարի 19-ին, նախաքննությունը ավարտվել է 2023 թվականի հունվարի 19-ին կառավարության նիստում, վերջ», - ընդգծեց նա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG