Մատչելիության հղումներ

Արցախից շուրջ 190 բուժառու սպասում է հայաստանյան բուժկենտրոններ տեղափոխվելու հնարավորությանը


Լիանա Էյլազյանի 5-ամյա տղայի մոտ բժիշկները գոյացություն են հայտնաբերել, ասում է՝ անհրաժեշտություն է Երևան տեղափոխվելը, որ տեղում մասնագետներն ախտորոշեն՝ ինչ գոյացություն է, ինչու է տղան անընդհատ գանգատվում ցավերից։

«Ինքը զրո դասարան է հաճախում, տանում եմ դպրոց նորից վատանում է, զանգում են, որ սրտխառնոց ունի, ցավեր ունի, չի կարում էրեխեն։ Դրա համար էս պահին ինքը դպրոցից էլ է կտրված», - ասաց Հադրութից տեղահանված Լիանա Էյլազյանը:

Լաչինի շրջափակումից ի վեր Երևան գալ չեն կարողանում։ Հիմա էլ ամբողջական շրջափակումն էլ ավելի է մեծացրել անհանգստությունները։ Ամիսներ շարունակ տղայի անտանելի դարձած ցավերը դեղերով են փորձում մեղմել, սակայն, ցավազրկողների պաշարն անսպառ չէ։

«Չեն հասկանում, բուժում չկա, բայց էրեխեն բողոքներ ունի… ստեղ պառկեցրել են, մի 10 պառկել ա հիվանդանոցում, բայց անարդյունք, նորից բերեցի տուն», - պատմեց Էյլազյանը։

Հակարիի կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո Արցախ արդեն մեկ շաբաթ է ամբողջական շրջափակման մեջ է՝ սնունդ, դեղորայք չի մատակարարվում։ Մարդկանց տեղաշարժն էլ դադարեցված է։ Անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան տեղափոխել։ Երիտասարդ կինը պատմում է, որ դեռ ամիսներ առաջ դիմել էին Կարմիր խաչին, միջազգային կազմակերպությունից հայտնել են, որ իրենք միայն ծայրահեղ ծանր հիվանդներին են տեղափոխում։ Դրա համար ստիպված սպասել են։

Վերջին շաբաթներին Հակարիի ադրբեջանական անցակետով քաղաքացիների տեղաշարժը հույս էր արթնացրել, որ 5 տարեկան տղային հնարավորություն կունենան Երևան տեղափոխել։ Ասում է՝ 11 տարեկան տղան էլ առողջական խնդիրներ ունի ու նրան մինչ շրջափակումը պարբերաբար Հայաստան էին տեղափոխում՝ հետազոտությունների ու բուժումների։ Հիմա չգիտի՝ երբ էլ նման հնարավորություն կունենան։

«Ես ասի՝ գոնե կարողանան երեխային տեղափոխեն, դե էդ էլ փակեցին, գնացի, որ գրանցեմ, ասացին՝ դեռ փետրվարից գրանցումներ կան, որ չեն գնացել, էդ հերթով ա, դրա համար իմ էրեխուն մինչև հիմա սենց պահում ենք», - նշեց Արցախի բնակիչը:

Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արցախից շուրջ 190 բուժառու տարբեր ախտորոշումներով, այդ թվում՝ անհապաղ տեղափոխման ենթակա անձինք սպասում են հայաստանյան բժշկական հաստատություններ տեղափոխվելու իրենց հնարավորությանը։

«​Ունենք նաև անհապաղ տեղափոխման ենթակա անձինք, ովքեր ունեն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, նրանց տեղափոխումը խիստ անհրաժեշտ է, որպեսզի ժամանակին ստանան պատշաճ բուժօգնություն և խուսափեն հետագա բարդություններից», - ասաց Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը:

Ամբողջական շրջափակման՝ դեղորայքի ներկրման բացակայության պատճառով Արցախում դադարեցված են նաև պլանային վիրահատությունները, հետազոտությունները։ Դեղորայքի պաշարը օր-օրի է սպառվում։

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ դեղորայքի բավարարվածությունը բուժհաստատություններում ստացիոնար հատվածում հասել է շուրջ 40 տոկոսի, ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի», - նշեց Իսախանյանը։

Հունիսի 15-ին՝ կրակոցներով ուղեկցված միջադեպի օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փորձել էր 25 ծանր հիվանդի Արցախից դուրս հանել, բայց ստիպված վերադարձել էին Ստեփանակերտ։ Թե երբ կվերսկսի միջազգային կազմակերպությունը հիվանդներին Երևան տեղափոխել, առայժմ անորոշ է։

«Առ այսօր ոչ մի նոր շարժ տեղի չի ունեցել, անընդհատ կապի մեջ ենք բոլոր որոշում կայացնողների հետ իրավիճակին ենք հետևում ու հույս ենք պահում, որ հենց իրավիճակը թույլ կտա, մենք վերսկսելու ենք մեր շարժը Լաչինի միջանցքով», - ասաց ԿԽՄԿ-ի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասաց, որ իրենք կապի մեջ են արցախցի գործընկերների հետ, փորձում են միասին այնպես համակարգել եղած միջոցները, որ հնարավոր լինի իրավիճակը կառավարելի դարձնել։

«Մենք ամենօրյա կապի մեջ ենք, միասնական փորձում ենք նաև պլանավորման աշխատանքները համակարգել, որպեսզի այն գործողությունները, այն միջամտությունները, որ այս պահին կարելի է հետաձգել, դրանց հաշվին միայն անհրաժեշտ բժշկական օգնությունը տրամադրվի: Դեղորայքային առումով իրավիճակը սրված է և շատ խիստ կերպով՝ միայն օգտագործման շրջանակը պահելով կարողանում ենք իրավիճակը կառավարելի պահել», - նշեց նախարարը:

Ավանեսյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նաև միջազգային գործընկերներին են տեղեկացնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG