Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պետք է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի՝ կանխելու արյունահեղությունը Արցախում. Տիգրան Գրիգորյան


«Ազատությունը» զրուցել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Գրիգորյան. - Ադրբեջանը էսկալացնում է իրավիճակը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սահմաններին։ Կարծում եմ, մոտ ապագայում պետք է ակնկալել նաև ինչ-որ ավելի լայնածավալ գործողություններ Լեռնային Ղարաբաղում։ Անընդհատ լարված պահում է իրավիճակը Ադրբեջանը, իրենց փորձագիտական շրջանակների միջոցով հայ կոլեգաներին, ինչպես նաև միջնորդներին անընդհատ ուղերձներ են հղում, որ Արցախում կարող են ինչ-որ այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն իրականացնել, Պաշտպանության բանակի զինաթափման թեման են բարձրացնում։ Ադրբեջանական իշխանամերձ տարբեր փորձագետներ խոսում են Սարսանգի ջրամբարը վերահսկողության տակ վերցնելով, օգտագործելով էկոլոգիական այս խնդիրները, որոնք գոյություն ունեն որպես պատրվակ... մի խոսքով, կարծում եմ, ավելի մեծ հավանակություն կա, որ, այնուամենայնիվ, էսկալացիայի ճանապարհով են զարգացումները ընթանալու։

«Ազատություն». - Եվ այս ամենօրյա հաղորդագրությունները կրակոցների մասին դրա հողն են։

Գրիգորյան. - Այո իհարկե։ Վերջին շրջանում տեսնում ենք, որ նաև ականանետեր են կիրառում Լեռնային Ղարաբաղում։ Հետաքրքիր է նաև աշխարհագրությունը այդ էսկալացիաների։ Այսինքն՝ մոտավորապես կարելի է պատկերացում կազմել, թե որ հատվածներում են տարբեր սադրանքներ նախապատրաստում։ Եթե դրան գումարում ենք նաև այս տարաձայնությունները ապաշրջափակման թեմայում, արձանագրում ենք, որ բավականին բարդ իրավիճակ է։

«Ազատություն». - Եվ չեք բացառում նաև Հայաստանի սահմաններում էսկալացիան, Երասխում մասնավորապես։

Գրիգորյան. - Հայաստանի պարագայում, իհարկե, այդ էսկալացիայի գինը ավելի բարձր է Ադրբեջանի համար։ Այսինքն՝ այստեղ տարբեր դերակատարներ շատ հստակ նշում են, որ Հայաստանի սահմանների անվտանգությունը և ինքնիշխանությունը կարմիր գիծ է նրանց համար։ Նույն Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Իրանը։ Եվրոպական դիտորդական առաքելության առկայությունը գետնի վրա ևս երևի ինչ-որ դեր խաղում է, որպեսզի փոքր բախումները չվերածվեն մեծ էսկալացիաների։ Լեռնային Ղարաբաղի պարագայում վտանգները Ադրբեջանի համար շատ ավելի փոքր են։ Նույն Ալիևը հայտարարեց մայիսի 28-ի ելույթի ընթացքում, երբ նշեց, որ՝ մեծ հաշվով մենք սկսել ենք պատերազմը 20 թվականին, և որևէ լուրջ արձագանք միջազգային չի եղել, հիմա ինչո՞ւ պետք է լինի, երբ կարծես թե շատ մեծ վերահսկություն ունեն այն տարածքների նկատմամբ, որոնք գտնվում էին նախկինում Արցախի վերահսկողության ներքո։ Այսինքն՝ նրանք անընդհատ շոշափում են կարմիր գծերը հենց Լեռնային Ղարաբաղում։ Տեսնում ենք, սկզբից այդ էկոակտիվիստները եկան, հետո տեսան, որ արձագանքը այդքան էլ ուժեղ չէ, անցակետ տեղադրեցին։ Հիմա անցակետ տեղադրելուց հետո փորձելու են մաքսակետ տեղադրել։ Այս աստիճանական քայլերով փորձելու են վերահսկողություն հաստատել։ Նույն մաքսակետից հետո կարող է ինչ-որ ռազմական գործողություններ սկսեն։ Եվ այս պարագայում իհարկե պետք է աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի արդեն շատ առարկայորեն քննարկվի պատժամիջոցների կիրառման թեման։ Վերջին շրջանում կան խոսակցություններ, որ Միացյալ Նահանգները դիտարկում են մեծ արյունահեղության դեպքում Լեռնային Ղարաբաղում պատժամիջոցների կիրառման հարցը Ադրբեջանի նկատմամբ։ Բայց արդեն իսկ այդ պահը եկել է։ Այսինքն՝ եթեարդեն երեք-չորս օր է Արցախ ընդհանրապես որևէ մթերք նույնիսկ մուտք չի գործում...

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտալ այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG