«Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով կապը ադրբեջանական և հայկական կողմերի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով պահպանվում է», - РИА "Новости" գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, ապահովում է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի կապն ու բանակցային հարթակի տրամադրումը», - ասել է Օվերչուկը՝ ընդգծելով, որ կողմերը մշտական շփման մեջ են՝ «հեռախոսազրույցների և նյութերի փոխանակման տեսքով»։
Խոսելով բանակցությունների հեռանկարների մասին՝ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է. - «Ես երբեք չեմ ասում, թե երբ է տեղի ունենալու ապաշրջափակումը, որքանով արագ կամ դանդաղ դա տեղի կունենա։ Երբ կողմերը պայմանավորվեն, այդ ժամանակ էլ դա տեղի կունենա»: