Մատչելիության հղումներ

ՀՀ-ն հետաքրքրված է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ․ Փաշինյանն՝ Օվերչուկին


Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։

Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի բացմամբ, ապաշրջափակմամբ, ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝ հիմնելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա, որոնց տարածքներով այդ հնարավոր ենթակառուցվածքներն անցնում են։

Հայաստանի վարչապետը վաստահություն է հայտնել, որ Օվերչուկի հետ այսօր որոշ ասպեկտներ կքննարկեն՝ ընդգծելով՝ ուրախ է այս առիթով հանդիպել Ռուսաստանի փոխվարչապետի հետ։

Ըստ հայտարարության 9-րդ կետի՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:

Վկայակոչելով օրերս Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը՝ Օվերչուկը նախ այն բովանդակալից է համարել, ապա փաստել, որ երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է:

ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին:

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:

Մինչ վարչապետի հետ հանդիպումը ՌԴ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG