Մատչելիության հղումներ

Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը


Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:

Առավոտյան հյուպատոսության տարածքում դեռ մաքրման աշխատանքներ էին, իսկ շենքի հարակից ասֆալտը արվել էր երեկ: Աշխատողների հետ զրույցներից դատելով՝ Կապանում ընդամենը մի քանի օր առաջ են տեղեկացել, որ Իրանը ցանկանում է հյուպատոսարանի բացումն անցկացնել այսօր՝ նախատեսվածից ավելի վաղ:

Իրանի կառավարությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր որոշել Կապանում հյուպատոսություն բացել: Իսկ այս տարվա օգոստոսի նշանակվել էր գլխավոր հյուպատոսը, ընտրվել շենքը:

Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Հայաստանի արտգործնախարարն կարևորելով Կապանում հյուպատոսարանի բացումը՝ ընդգծեց. «Բարձր ենք գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ-ի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»:

Աբդոլլահիանը հայտարարեց, որ Իրանը «Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը». «Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները»:

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ Հայաստանը հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևոր մաս, և իրանական կողմը պատրաստվում է առավելագույն ջանքեր գործադրել այս տարանցիկ ուղին զարգացնելու համար:

Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է դեռ երեկվանից: Երևանում նախօրեին նա հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը՝ առանց այլ մանրամասներ նշելու:

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը արձագանքելով «Ազատության» հարցին, թե մասնավորապես ի՞նչ նկատի ուներ նախարարը, երբ հիշատակում էր օտարերկրյա ներկայացուցիչներին, արդյո՞ք խոսքը Եվրամիությունից ժամանող 40 դիտորդների մասին է, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանին: Հավանաբար նախարարը նկատի ուներ օտարերկրյա ռազմական միավորումները, որոնք միգուցե կարող են ներկայություն ունենալ տարածաշրջանում: Մենք միշտ ընդգծել ենք, որ տարածաշրջանի երկրները իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով օտարերկրյա զինված ուժերի ներկայության կարիքը չունեն թե՛ երկրի հարավում, թե՛ երկրի հյուսիսում»:

Երեկ Երևանում Աբդոլլահիանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Թեհրանի համար անընդունելի է տարածաշրջանում սահմանների փոփոխությունը: Իրանցի ԱԳ նախարարից առաջ էլ Իրանը ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ զգուշացրել է Ադրբեջանին, որ Թեհրանը չի հանդուրժելու հայ-իրանական սահմանի փոփոխություն: Այս մասին անցած շաբաթ խոսել էր նաև նախագահ Ռաիսին:

Թե ուրիշ ինչ օրակարգով է Աբդոլլահիանը ժամանել Հայաստան, մանրամասներ իրանական և հայկական աղբյուրները չեն նշում: Արարատ Միրզոյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ քննարկումների առանցքային թեման «եղել է տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը»:

Երևանում նախատեսված է նաև Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

XS
SM
MD
LG