Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը փորձում է ուժի գործադրմամբ պարտադրել Հայաստանին միայն իրեն ցանկալի լուծումները». Արարատ Միրզոյան  


«Ադրբեջանը փորձում է ուժի գործադրմամբ խաթարել բանակցություների ընթացքը և ի վերջո պարտադրել Հայաստանին միայն իրեն ցանակալի լուծումները», - այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ հայտարարվում է խաղաղության գործընթացի մասին, մինչդեռ Ադրբեջանը կրակում է Երասխի ուղղությամբ։

«Էսպիսի վարքագծի նկատմամբ և մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, և նաև միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի։ Կամ մենք բանակցում ենք բարի կամքով, ինչպես ընդունված է ասել՝ հարգելու, գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է։ Հուսով ենք՝ նաև միջազգային հանրության համար անընդունելի է։ Հիմա կոնկրետ խոսքը այս դեպքում և նախորդ դեպքերից շատերում վերաբերում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այդ սահմանները պետք է մնան անխախտելի, տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետության պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն էլ պետք է իհարկե դերակատարում ունենա»։

Անդրադառնալով Երասխում երեկ և այսօր հնչած ադրբեջանական կրակոցներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա։ Նախապես հայտարարվել էր, որ Երասխում մետալուրգիական գործարան է կառուցվում, որն էապես նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, և այժմ, Արարատ Միրզոյանի համոզմամբ, Բաքուն փորձում է խափանել տնտեսական այդ ծրագիրը. - «Ոչ միայն ըստ էության սա ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ նաև զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում տակը դնելով, էսպես ասած՝ խաթարել Հայաստանի ծրագիրը, որը կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը։ Ուշագրավ է, որ այսօր այդ ձեր նշած վայր, Երասխի այդ հատված մեկնել է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, և հարցն անշուշտ կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»։

Արարատ Միրզոյանն այսօր խուսափեց ուղղակի արձագանքել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այսպես կոչված «Զանագեզուրի միջանցք» բացելու մասին երեկ հնչեցրած պնդումներին։ Նա միայն վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, բայց՝ մի շարք սկզբունքեր հաշվի առնելով. - «Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են, օրինակ, այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որի տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Պարբերաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նաև վարչապետի մասնակցությամբ, վերջին շրջանում գիտեք, որ ինտենսիվ են հանդիպումները նաև Ադրբեջանի ղեկավարի հետ, այս հանդիպումները քննարկվում են, և իմ մասնավոր, գուցե սուբյեկտիվ տպավորությունը այն է, որ որոշակի առաջընթաց կա, հատկապես պարոն Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում։ Բայց վերջնական արդյունք դեռևս չունենք և առայժմ, ցավոք սրտի, չենք կարող հանրայնացնել»։

Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարարը, անդրադառնալով Երասխում արդեն երկրորդ օրը հնչող կրակոցներին, ասաց, թե դրանց զուգահեռ Ադրբեջանը նաև կեղծ տեղեկություններ է տարածում՝ մեղքը հայկական կողմի վրա դնելու համար. - «Այս ամենի պատճառը ադրբեջանական կողմի նպատականերն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Նման բան չկա, հայկական կողմը, մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան, բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ իհարկե նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»։

Խորհրդարանական ընդդմիությունը կրկին չէր մասնակցում հարցուպատասխանին։ Կառավարության անդամներին ու վարչապետին այս անգամ էլ միայն իշխանական պատգամավորները հարցեր ուղղեցին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG