Այսօր ժամը 10-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական Զինված ուժերը ժամը 9:15 գնդակոծել են Նախիջևանի Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրում տեղակայված ադրբեջանական դիրքերը, ինչին ի պատասխան «միջոցներ են ձեռնարկվում» ադրբեջանական զինուժի կողմից:
Երկու օր առաջ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցներից Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել: Այդ կապակցությամբ Երասխ են այցելել Եվրամիության դիտորդական առաքելությունը, Հայաստանում չորս տասնյակ երկրների դեսպաններ և ռազմական կցորդներ: Ամերիկյան կապիտալի մասնակցությամբ կառուցվող գործարանի գնդակոծության կապակցությամբ մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը: