Հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությանն այսօր անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա Թվիթերում, մասնավորապես գրել է, որ Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
«Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանն, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը», - գրել է Կլաարը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր երկու հաղորդագրություններով տեղեկացրել է ադրբեջանական կողմից նախ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին: Վիրավորվել են գործրանի կառուցման աշխատանքներում ներգրավված երկու Հնդկաստանի քաղաքացիներ:
Երեկ նույնպես գործարանի ուղղությամբ կրակոցներ են եղել, տարածքում մեքենաներ են վնասվել։
Երևանն անցած շաբաթ հայղորդեց, որ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Գործարանը կառուցվում է Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում։ Բաքուն դատապարտել է Երևանի այս ծրագիրը՝ պնդելով, որ «առանց այդ գործունեությունը Բաքվի հետ համաձայնեցնելու», Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։