Մատչելիության հղումներ

«Գործ էինք անում, միանգամից սկսվեցին կրակոցները». Երասխի գործարանի աշխատակիցներ


Սահմանամերձ Երասխում, որտեղ երեկ ու նախօրեին կրակոցներ են հնչել ադրբեջանական դիրքերից, ականատեսները պատմում են, որ թիրախում եղել է շինհրապարակը, որտեղ կառուցվում է մետալուրգիական գործարանը։ Այնտեղ երեկ վիրավորվել էին երկու աշխատակիցներ՝ Հնդկաստանի քաղաքացիներ։ Այդ ընթացքում այնտեղ մի քանի տասնյակ մարդ է աշխատելիս եղել։

Գործարանից բացի, ադրբեջանական թիրախում վերջին օրերին եղել է նաև Երասխի կենտրոնում տեղադրված Հայաստանի դրոշը։ Գյուղացիները պատմեցին, որ այն պատռված է եղել, անցքեր է ունեցել, և միայն երեկ երեկոյան է այն նորով փոխարինվել։

«Մեջը մեծ ծակեր էին բացվել։ Ճիշտն ասած՝ մտածում ենք, որ սենց բաներ անում են, եթե դրոշը թիրախավորում են, գյուղացուն խի՞ պիտի չթիրախավորեն», - ասաց աշխատակիցներից մեկը։

Մյուսները նշեցին, որ կրակոցները միանգամից են սկսվել, ոմանք փորձել են թաքնվել կառուցված պատերի հետևում, մյուսները պառկել են հատակին. - «Խելոք էնդեղ կանգնած էինք, գործ պիտի անեինք, բայց երկրորդ հարկում մարդ կար, կրակեցին, սյուներից այս կողմ, հետո շարունակվեց, կիսլառոդի բալոնի վրա կրակեցին։ Բարեբախտաբար, չկպավ, որովհետև ահավոր վտանգավոր բան է էլի դրա պայթելը, հետո շարունակվեց»։

Ադրբեջանը երեկ կրակ է բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ, վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը, հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

XS
SM
MD
LG