Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գործարանի երկու աշխատակցի՝ ադրբեջանական կրակից վիրավորվելու կապակցությամբ


Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Հայաստանում ամերիկյան մասնակցություն ունեցող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են ադրբեջանական կրակոցներից, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածություն պահպանելու մեր կոչը», - Թվիթերում գրել է նա՝ հավելելով, որ կողմերը աշխատում են կայուն և բալանսավորված խաղաղության հասնելու ուղղությամբ:

Ադրբեջանը կեսօրին մոտ՝ 11:45-ի սահմաններում է կրակ բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ, վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը, այսօր հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Երկու վիրավորներն էլ բարեհաջող վիրահատվել են: Երկուսի վիճակը կայուն է, նրանց կյանքը վտանգված չէ:

ՊՆ-ն միայն հայտնեց, որ տարբեր տրամաչափի, այդ թվում՝ խոշոր հրաձգային զենքերից է ադրբեջանական կողմը կրակել։ Մեկ այլ պետական գերատեսչություն՝ Քննչական կոմիտեն բացահայտեց՝ վնասվածքները հրազենային են՝ հաղորդելով նաև սպանության փորձի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի մասին։

ՊՆ-ը պնդել էր՝ դեպքից րոպեներ առաջ Բաքուն հայկական կրակոցների մասին ապատեղեկատվություն էր տարածել՝ հետագա գործողությունների կեղծ հիմքն ապահովելով։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այդ հաղորդագրությունում պնդել էր, թե այսօր ժամը 10-ից հայկական զինուժն ինտենսիվ կրակել է Նախիջևանի Հեյդարաբադ բնակավայրի մոտ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապա հաղորդել՝ «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմում»։

XS
SM
MD
LG