Չկա վերջնական պայմանավորվածություն, թե որ քարտեզներով պետք է Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում իրականացնեն, այսօր խորհրդարանում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Քիշնևում Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը Իլհամ Ալիևը կարծես դեմ չի եղել 1975 թվականի քարտեզներին, թեև մինչև այդ մշտապես մերժել է դրանք։
Այդ քարտեզներով սահմանազատումը, ըստ մասնագետների, ենթադրում է նաև այսպես կոչված անկլավների, այդ թվում Սյունիք տանող միջպետական ճանապարհին գտնվող Տիգրանաշենի վերադարձը Ադրբեջանին. - «Ո՞ր քարտեզով՝ պայմանավորվածություն չկա։ Նաև, որքանով ինձ հայտնի է, վերջին քննարկման ժամանակ Քիշնևում Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 75 թվականի քարտեզի վերաբերյալ։ Խոսքը այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում կա և պատրաստակամություն կա շարունակել աշխատանքները այդ քարտեզով ողջ միջազգային հանրության կողմից և Հայաստանի Հանրապետության կողմից»։
Սահմանազատման համար պետք է հիմք լինեն այն քարտեզերը, որոնք իրավական առումով քիչ խոցելի են
Արտգործնախարարն արձագանքեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը, որ 70-ականների քարտեզները չեն բխում Հայաստանի շահերից, և կարող ենք աղետալի հետևանքներ ունենալ, փոխարենը կարելի էր հիմք ընդունել ավելի շահեկան՝ օրինակ1926 թվականի քարտեզները։ Արարատ Միրզոյանն ասաց, թե1975 թվականի քարտեզերով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու այդ հիմքով սահմանազատման աշխատանքների իրականացումը ընդունելի լուծում է Հայաստանի համար։ Միրզոյանի համոզմամբ, սահմանազատման համար պետք է հիմք լինեն, ոչ թե այս այն կողմին ձեռնտու քարտեզերը, այլ այն փաստաղթղերը, որոնք իրավական առումով քիչ խոցելի են. - «Որովհետև հակառակ պարագայում բոլոր կողմերը ունեն իրենց պատկերացումները իրենց ձեռնտու քարտեզների մասին։ Սահմանազատման համար հիմք կարող են դառնալ այն փաստաթղթերը, որոնց իրավական հիմքերն են անխոցելի։ Ենթադրենք, քարտեզը, որը ընդունված է եղել իրավասու մարմնի կողմից խորհրդային շրջանում, վավերացված է եղել երկու խորհրդարանների կողմից և այլն, և այլն»։
«Խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների մասին հիշատակում չկա»
Խոսելով անկլավներից՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, թե դրանց ծագման իրավական հիմքերը դեռ պետք է ուսումնասիրվեն։ Այդ հարցով պետք է զբաղվի սահմանազատման հանձնաժողովը. - «Խաղաղության պայմանագրի նախագծում այս պահին գոյություն ունեցող անկլավների մասին հիշատակում էլ չկա։ Կան այլ պնդումներ տարածքային ամբողջականության մասին, որոնց շուրջ դեռ բանակցում ենք, վերջնական ձևակերպում էլ չկա։ Հնչեցրած 86,6-ը ըստ էության ներառում է, այո, այդ անկլավները։ Բայց կրկնում եմ՝ իրավական հիմքեր գոյություն ունեն, պետք է նայվի և ուսումնասիրվի»։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի քննարկվում»
Անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող բանակցություններին՝ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի քննարկում, քանի որ Արցախի ժողովրդից մանդատ չի ստացել նրանց ապագայի շուրջ բանակցելու համար. - «Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում և էդպիսի հավակնություններ չունենք, բայց որպեսզի խաղաղությունը, եթե այն հնարավոր լինի հաստատել, լինի աշխատող, լինի կայուն, երկարատև, պետք է, որ առկա խնդիրները հասցեագրվեն։ Իսկ էդ խնդիրները կան։ Որևէ մեկը աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր։ Մենք պիտի փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը, հարթակը»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը հակադարձեց՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ մտնում է նաև Արցախը, դրանով կանխորոշում է Արցախի կարգավիճակը. - «Արդյո՞ք դուք ստացել եք Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից էդ լիազորությունը՝ Արցախի նկատմամբ վերահաստատել Ադրբեջանի գերիշխանությունը»։
Միրզոյանի արձագանքը. - «Եթե հիշողությունս չի դավաճանում, պարոն Խաչատրյան, Հայաստանի Հանրապետությունը իր անկախության հիմնադրումից հետո մշտապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Երկու երկրների տարածքների մակերեսների մասին հիշատակում ապագա պայմանագրում չի լինելու
Արարատ Միրզոյանին հակադարձեց մեկ այլ դաշնակցական պատգամավոր ՝ Գեղամ Մանուկյանը. - «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ձեր կարծիքով միշտ ճանաչել ենք, բա էդ տարածքային ամբողջականության կազմում, ո՞րտեղից ձեր կառավարությունը մի քանի անգամ զորքեր, զինվոր ա ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե տարածքային ամբողջականությունը ձեր կարծիքով միշտ ճանաչվել ա, ո՞րտեղից էիք հանրահավաք անում Ստեփանակերտում ու «Արցախը Հայաստան է և վերջ» գոռում»։
Դաշնակցական պատգամավորը նաև հարցրեց՝ երբ Հայաստանը ճանաչել է բազմաթիվ այլ երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրի դեպքում նշե՞լ է, թե այդ պետության քանի՞ քառակուսի կիլոմետրն է ճանաչել, ինչը հիմա անում է Ադրբեջանի դեպքում։ Այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը երբեք հրապարակավ չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը։
Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ երկու երկրների տարածքների մակերեսերի մասին հիշատակում խաղաղության ապագա պայմանագրում չի լինելու. - «29,8-ը Հայաստանի դեպքում և Ադրբեջանի 86,6-ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք էն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետությունից էն մակերեսով, էն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմով երկու սոցիալիստական հանրապետությունների համար։ Ես չեմ կարծում, թե դուք կարծում եք, թե մենք սա պետք է ներառենք, կամ տեսնում ենք ներառված էդպիսի մակերեսի հիշատակմամբ ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում»։
Հայաստանի արտգործնախարարը ընդունեց, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը առաջիկայում հանդես կգա այդօրինակ հայտարարությամբ և կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականութունը։