Բանակցությունները շատ ինտենսիվ են գնում, և եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր, Հանրայինի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մեր տրամադրվածությունն է՝ գտնենք լուծումներ, այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգն ու ունենանք խաղաղության համաձայագիր», - հավելել է նա։
Երևանը դրական է գնահատում հունիսի 1-ին Քիշնևում կայացած առաջնորդների հանդիպումը, նշել է Գրիգորյանը։
«Սա լավ հնարավորություն է խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Միջազգային հանրության աջակցությունն այս օրակարգին շատ կարևոր է»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Ըստ պաշտոնյայի՝ ապաշրջափակման մասով կարևոր բան կա, որը հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար. - «Սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, այսինքն`ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում սահմանային ամբողջ ծառայությունները իրականացնելու են միայն հայկական ծառայությունները»։