Մատչելիության հղումներ

Մոսկվայում «ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգման հարցում»


Պաշտոնական Երևանը կառուցողական է համարում երեկ Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի 12-րդ նիստը։

Ըստ Հայաստանի կառավարության՝ գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:

Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Ճիշտ նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաև ռուսական կողմը։

Ինչ է մինչ օրս հայտարարվել երկաթուղու հարցով

  • Բրյուսել, 14-ը դեկտեմբերի, 2021թ․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում։
  • Երևան, 16-ը դեկտեմբերի, 2021թ, վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո: Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ:
  • Երևան, 16-ը դեկտեմբերի, 2021թ․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան՝ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի շուրջ 3 տարի։
  • Երևան, 14-ը հունվարի, 2022թ․ 10 հոգուց կազմված հատուկ խումբ ստեղծվեց Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման համար: Աշխատանքային խումբը ղեկավարում է Իրանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
  • Երևան, 12-ը փետրվարի, 2022թ․ Արտաշես Թումանյան՝ երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով։
  • Բրյուսել, 14-ը մայիսի, 2023թ․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել՝ Կողմերը հստակ առաջընթաց են արձանագրել հաղորդակցության ու տնտեսական ուղիների բացման հարցում։ Երկրների ղեկավարներն իրենց թիմերին հանձնարարել են ավարտին հասցնել համաձայնությունը երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցով։ Կողմերը ամաձայնել են նաև դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։
  • Քիշնև, 2-ը հունիսի, 2023թ․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել՝ Մոսկվայում կհանդիպեն փոխվարչապետերը՝ քննարկելու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։
  • Երևան, 3-ը հունիսի, 2023թ․ Մոսկվայում ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգման հարցում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG