Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը Կութի ուղղությամբ խախտել է հրադադարը, կիրառել է ականանետ. ՊՆ


Հայկական և ադրբեջանական դիրքեր Սոթքի հատվածում, արխիվ
Հայկական և ադրբեջանական դիրքեր Սոթքի հատվածում, արխիվ

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը Կութի ուղղությամբ դարձյալ խախտել է հրադադարը՝ այս անգամ կիրառելով ականանետ: Ավելի վաղ, ըստ պաշտպանական գերատեսչության, ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից էր կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը կրկին շեշտում է, որ հայկական կողմը ձեռնարկել է համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Նախարարությունից ավելի վաղ էլ հայտնել էին, որ ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Սոթքում այսօր առավոտյան վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվել էր բավարար, մյուսինը՝ ծանր:

Բաքուն հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար, պնդում, թե Հայաստանի զինուժը Սոթքից անգամ ականանետ է կիրառել։

Ադրբեջանական ԱԹՍ-ների հարձակման վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից ժամեր անց Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն պնդել էր, թե ժամը 11:30-ին Հայաստանի զինուժը Սոթքից հարձակողական ԱԹՍ-ներով թիրախավորել է ադրբեջանական դիրքերը։

«Հայկական կողմը ևս մեկ անգամ սրում է իրավիճակը՝ իրականացնելով մեկ այլ սադրանք։ Ադրբեջանական կողմը զինվորական անձնակազմի ու տեխնիկայի կորուստներ չունի», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ այսօր տարածած հաղորդագրությունում։

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունից ադրբեջանական պնդումներին չեն արձագանքել։ Բաքուն հրադադարի խախտման համար մեղադրում է նաև Արցախի պաշտպանության բանակին։ Ստեփանակերտից, մինչդեռ, հերքում են ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը։

«Ադրբեջանի գործելաոճը նոր չէ»

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադառնալով սահմանային լարվածությանը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի գործելաոճը նոր չէ, Բաքուն տարիներ շարունակ բանակցություններից առաջ սրում է իրավիճակը սահմանին։

Կիրակի Բրյուսելում սպասվում է՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը։

«Ցավոք, նոր գործելաոճ չէ, 95 թվականից եմ Արտգործնախարարության համակարգում և չեմ հիշում մկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ՝ կա՛մ մինչև հանդիպում, կա՛մ հանդիպումից հետո: Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել», - ասաց Հովհաննիսյանը:

«Սոթքում տեղի ունեցածը խաթարում է առաջընթացը դեպի խաղաղություն»

Հայ-ադրբեջանական սահմանի երեկվա լարվածությանը ԱՄՆ Պետքարտուղարությունն է անդրադարձել։ Սոթքում տեղի ունեցածը խաթարում է առաջընթացը դեպի խաղաղություն, հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նա ընդգծել է սահմանից ուժերի հետքաշման անհրաժեշտությունը։

«Այս տեսակ բռնությունը, մեր կարծիքով, խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն, և մենք կոչ ենք անում այս երկու երկրների առաջնորդներին Բրյուսելում մայիսի 14-ին սպասվող հանդիպման ժամանակ համաձայնել և հետ քաշել զինված ուժերը սահմանի երկայնքով», - ասել է Պատելը։

Պատելը շեշտել է՝ զորքերի հետքաշման հարցը քննարկվել է անցած շաբաթ արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններում։

«Այսօր շատ հանգիստ է վիճակը, մի անգամ մի հատ դմփոց է լսվել, ԱԹՍ-ն է եղել, որ խփել են».

Սոթք ելք ու մուտքը երեկվանից խիստ հսկողության տակ է՝ տեղում ռազմական ոստիկանությունն է ծառայություն իրականացնում։ Բնակիչներից Գևորգ Սարգսյանը փոխանցեց՝ այսօր արդեն խաղաղ է։ Առավոտյան բարձր պայթյուն են լսել միայն, ենթադրում են՝ խոցված ԱԹՍ-ի ձայնն էր։

«Էսօր շատ հանգիստ ա վիճակը, հանգիստ հիմա նստած կոֆե ենք խմում, բայց դե սպասողական: Մի անգամ մի հատ դմփոց ա եղել, էդ ԱԹՍ-ն ա եղել, որ խփել են», - ասաց բնակիչը:

Սարգսյանն ասում է՝ անգամ երեկվա լարվածության ժամանակ գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղված. - «Գյուղացիներն ուզեն-չուզեն իրենց ամենօրյա գործերը պիտի անեն, որ կարողանան ապրել, գոյատևել: Հիմա էդ վիճակն ա»:

«Ազատության» տեղեկություններով՝ առավոտյան ադրբեջանական ԱԹՍ-ն խոցվել է Սոթքի հանքավայրի տարածքում։ Հանքավայրի բաց հատվածում ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո աշխատանքներն արդեն մի քանի շաբաթ է դադարեցված են։

«Փորձ եղել է շարունակել բաց հանքում շարունակել աշխատանքներ իրականացնել, բայց ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել վերջին ժամանակներում, ինչի արդյունքում աշխատակիցների անվտանգության խնդիրները հաշվի առնելով չեն շարունակվել բաց հանքում աշխատանքները», - ասաց Գեղարքունիքի մարզպետը:

Երեկ Ադրբեջանի զինուժը հրետանի ու ականանետեր էր օգտագործել՝ թիրախավորելով Սոթքի հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր 4 զինծառայողի վիրավորվելու մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG