Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է:
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ: