Մատչելիության հղումներ

Բաքուն նպատակ ունի խաթարելու Բրյուսելի և Քիշնևի բանակցությունները․ Փաշինյան


Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում,​ այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոթքում Ադրբեջանի այսօրվա գործողությունները սադրիչ որակելով։

Վարչապետի խոսքով՝ Սոթքում սադրանքը նպատակ ունի նաև խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա», - ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը մտացածին համարեց հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի երեկվա պնդումները՝ շեշտելով՝ նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։

«Եթե իրադրությունը սրելն Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել՝ գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով», - ասաց Փաշինյանը։

Բաքուն այս կերպ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է նաև Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստից, հայտարարեց վարչապետը՝ նկատելով՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության են փորձում տալ հինը։

«Բրյուսելում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը շատ փոքր է»

Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։

«Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ շատ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են Պրահայում և Սոչիում։

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է չորս վիրավորների, ադրբեջանականը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։

Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

Պաշտոնական Երևանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG