Պաշտոնական Երևանը կոչ է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
Սոթքում ադրբեջանական այսօրվա գործողությունները Հայաստանի արտգործնախարարությունը սադրիչ է որակում՝ ընդգծելով՝ սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հերթական խախտում է, որն ի ցույց է դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:
Ադրբեջանի այս քայլերը որակելով իրավիճակի ապակայունացմանը միտված գործողություններ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ դրանք բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:
Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է չորս վիրավորների, ադրբեջանականը՝ մեկի մասին։ Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է։