Մատչելիության հղումներ

«Դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել». Նիկոլ Փաշինյան


Երեկոյան ադրբեջանական զինուժը սկսել է կրակել Վարդենիսի Նորաբակ գյուղի ուղղությամբ։ Հրետանի են կիրառել, հայտարարում է Պաշտպանության նախարարությունը, իսկ Սոթքի հատվածում ականանետից են կրակ բացել։ Պաշտոնական Բաքուն գրեթե միաժամանակ հայտարարում է՝ հայկական կողմն էլ իրենց դիրքերն է հրետանային կրակի տակ պահում։

Պաշտպանության նախարարությունն այսօր վաղ առավոտյան հաղորդագրություն տարածեց, թե ժամը 6-ից կրակի տակ են Վարդենիսի Սոթք գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը։ 4 ժամ անց հաղորդեցին՝ լարվածությունը նվազում է։

«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է հայկական բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխան գործողություններից հետո», - գործադիրի նիստում ժամը 11-ին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, - «Դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել»:

Հայկական կողմը, պաշտոնական վերջին տվյալով, կորուստներ չունի, մինչև այս հայտարարվել է 4 վիրավորի մասին. առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ նրանք բեկորային վնասվածքներով են:

«Երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար, կարող ենք ասել, որ նրանց կյանքին այս պահին որևէ բան չի սպառնում», - ասաց Անահիտ Ավանեսյանը:

Ադրբեջանական ստորաբաժանումները, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, վիրավոր զինծառայողներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ են կրակ բացել:

«Շտապօգնության մեքենաները և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանդիսանում են հատուկ օբյեկտներ և որևէ ձևով նրանց թիրախավորելն ընդունելի չէ», - նշեց առողջապահության նախարարը:

Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ այսօրվա մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին։ Պնդում են՝ դեռ երեկ երեկոյից է հայկական կողմը կրակում, և ադրբեջանցի մի զինծառայող էլ ծանր վիրավորում է ստացել։ Սա վարչապետը հորինվածք է համարում:

«Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:​

Օրվա առաջին կեսին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում, թե հայկական կողմը նոր գործողության է նախապատրաստվում, կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է՝ բանակը պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, իսկ իրանական անօդաչուներ հայկական սպառազինության մեջ չկան։

Հայ-ադրբեջանական սահմանի այս ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ էին ծավալվել նախորդ տարվա սեպտեմբերին, ադրբեջանական հրետանու թիրախում նաև Սոթք բնակավայրն էր։ Ադրբեջանական զինուժն այդ ժամանակ առաջխաղացման փորձ էր անում Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք ուղղություններով։ Այս տարվա ապրիլին Սոթքի հանքավայրի ուղղությամբ էին ինտենսիվ կրակոցներ։ Հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված էր դադարեցնել աշխատանքը, որ մինչև այժմ էլ չի վերսկսվել։ Այսօրվա մարտական գործողությունները ծավալվում էին հենց հանքավայրի հարակից տարածքում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG