Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, «Ազատության» փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ նշելով՝ ժամը 08։30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։
Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ երեկ վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են զինվորական հոսպիտալի բուժանձնակամի հսկողության տակ։
Երեկ նախարարությունը հաղորդեց, որ 4 վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։ Հարցին՝ նրանց առողջական վիճակում փոփոխություն կա՞, Թորոսյանը պատասխանեց՝ երկուսի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Երեկոյան, այդուհանդերձ, արձանագրվել են ադրբեջանական կողմից Սոթքի, Նորաբակի և Վերին Շորժայի ուղղություններով ականանետի և հրետանային միջոցի կիրառման դեպքեր:
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ: