Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ - ադրբեջանական սահմանի Սոթքի ուղղությամբ մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին՝ Նովրուզալիզադե Օրխան Էլխան օղլու։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան գործողություններ: Օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների հսկողության տակ է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր իր մեկ վիրավորի մասին՝ Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլու:
Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների մասին:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ի դրությամբ լարվածությունն առաջնագծում նվազել է, և իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ: