Մատչելիության հղումներ

Առողջապահության նախկին փոխնախարար Սիմոնյանի փաստաբանը «զավեշտ» է որակում նրան մեղսագրվող հանցագործությունը


Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյան
Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյան

Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործի շրջանակներում այս պահին կալանավորված է միայն «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը։ Օրերս կալանքից ազատվեց այս գործով մեղադրյալ միակ պաշտոնյան՝ Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, իսկ հիվանդանոցի տնօրենի կալանքը հակառակը՝ ևս երկու ամսով երկարաձգվեց։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանն ապացուցված է համարել, որ նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու բավարար հիմքեր չեն եղել։ Սիմոնյանը, ի դեպ, 2017-ից 18 թվականը եղել է կոռուպցիոն պատմության կիզակետում հայտնված նույն «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը։

Փաստաբան Էմին Խաչատրյանը այսօր էլ պնդեց, որ իր պաշտպանյալը քովիդի ժամանակ չի ունեցել բոլոր հիվանդանոցների անկետաները ստուգելու լիազորություն։ Մինչդեռ, ըստ գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեի, նախկին փոխնախարարը բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով «Մեդլայն»-ի ներկայիս տնօրեն Բաբկեն Շահումյանը համավարակի ծանր շրջանում պետբյուջեից շուրջ 120 միլիոն դրամ է հափշտակել։

«Որևէ ապացույց վարույթ իրականացնող մարմնի կողմից կալանքի միջնորդության ժամանակ այդ երկու հազար էջ փաստաթղթից չկա, որը կհիմնավորեր, որ Գևորգ Սիմոնյանը հնարավոր ա առնչություն ունենա իրեն մեղսագրվող արարքին։ Ուղղակի ասում են՝ դու, քավորսանիկական հարաբերությունները հաշվի առնելով, չարաշահել ես քո պաշտոնական դիրքը, դրա արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի տնօրենը հափշտակել ա խոշոր չափի գումարներ։ Բա սա զավեշտ չի՞։ Գևորգ Սիմոնյանին մեղադրանք առաջադրված չի չարաշահումների արդյունքում ինչ-որ ֆինանսական հոսքեր ունենալու մեջ։ Ուղղակի ասում են՝ քանի որ քավոր-սանիկ եք, ուրեմը չարաշահել եք պարտականությունները», - նշեց Էմին Խաչատրյանը։

«Մեդլայնի» տնօրեն Բաբկեն Շահումյանի փաստաբանն այսօր էլ հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ Իրենք նույնպես բողոքարկել էին կալանքի որոշումը, բայց ի տարբերություն Գևորգ Սիմոնյանի, իրենց բողոքը դատարանը մերժել էր։

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ, «Մեդլայնի» տնօրենի կազմակերպմամբ, կեղծվել են պացիենտների բժշկական պատմագրերը, և ստացիոնարում բուժված 385 մարդ ներկայացվել է որպես ռեանիմացիայի հիվանդ։ Ենթադրվում է, որ հիվանդանոցն այդպես ավելի շատ գումար է ստացել պետությունից։

Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի համավարակի սկզբում Առողջապահության նախարարությունը ղեկավարած, այժմ իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գործի հարուցումից հետո պնդել էր, թե միտում է տեսնում իրավապահների արարքներում, և պատրաստ է հարցաքննության գնալ, ինչից հետո, իր որակմամբ՝ մտացածին թեզը, թե ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնա։

Ու չնայած Թորոսյանի այս պատրաստակամությանը, նա մինչև օրս չի հարցաքննվել։ Այսօր իշխանական պատգամավորը լրացուցիչ մեկնաբանություն չտվեց. - «Քանի որ հիմա էլ պրոցեսներն ընթանում են իրավական, կարծում եմ, դեռ առիթներ կունենանք, այդ թվում վերջնական գնահատականներ տալու այս ամեն ինչին»։

Բողոքարկե՞լ է արդյոք դատախազությունը դատարանի որոշումը, որով նախկին փոխնախարարն ազատ արձակվեց։ Այս հարցին գերատեսչությունից դեռ չեն պատասխանում։

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ միայն փոխանցեցին, որ այս գործի շրջանակներում 27 մեղադրյալ կա, նրանց մեծ մասը բուժաշխատողներ են։ Բացի «Մեդլայն»-ի տնօրենից ու տնային կալանքի տակ գտնվող մի բժշկից, մյուսները, այդ թվում՝ Առողջապահության նախկին փոխնախարարը, ազատության մեջ են։

XS
SM
MD
LG