Մատչելիության հղումներ

Կալանավորումներ քովիդի շրջանում չարաշահումների գործով, Թորոսյանը «միտում է տեսնում»


Քովիդի շրջանում չարաշահումների գործով «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը, «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Երեկ իրավապահները խուզարկում էին Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակը, ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրեց, որ չարաշահումների գործով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետը՝ առողջապահության նախարարի տեղակալ եղած ժամանակ, «անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին»։ Մյուս ձերբակալվածների մասին տեղեկատվություն կոմիտեն ավելի ուշ կփոխանցի։

Քրեական գործը հարուցվել է Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա։

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն, որ համավարակի ժամանակ զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, այսօր կրկին անդրադառնալով հաշվեքննիչի ուսումնասիրություններին, հայտարարել է, թե քննությունն իրականացվել է «ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, եզրակացություններ են արվել, որոնք որևէ քննադատութան չեն դիմանում»։

Թորոսյանը տարօրինակ է համարել փաստը, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո՛չ ինքը, ո՛չ գործող նախարարը (իր տեղեկություններով)՝ շեշտելով՝ իր բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի իրեն նույնպես հարցաքննեն, «ապարդյուն են մնացել»։

«Ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար», - մասնավորապես հայտարարել է առողջապահության նախկին նախարարը։

Մանրամասներն ավելի ուշ

XS
SM
MD
LG