Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լիլյա Հովակիմյանը։
Այս գործի շրջանակներում օրերս կալանավորվել էին նույն հիվանդանոցի տնօրեն Բաբկեն Շահումյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որն այս պահին Երևանի փոխքաղաքապետն է։ Ութ այլ բուժաշխատողներ ձերբակալվել, ապա ազատ էին արձակվել։
Համավարակի սկզբում Առողջապահությունը նախարարությունը ղեկավարած Արսեն Թորոսյանը օրեր շարունակ քննադատում է իրավապահների աշխատանքն ու պնդում՝ սա հորինված գործ է, ու նախաքննական մարմիններն այսպիսով փորձում են ցույց տալ, որ պայքարում են կոռուպցիայի դեմ։
Լրագրողներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրին, թե ինչու իր կուսակից իշխանական պատգամավորը չի հավատում իրավապահներին. - «Մեր երկրում կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում, այնպես որ, մեծ ողբերգություն չի, եթե որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում։ Առավել ևս մեծ ողբերգություն չի»։
Արսեն Թորոսյանը, ի դեպ, տարօրինակ է համարում, որ իրեն չեն հարցաքննել։ Արդյոք նա կներգրավվի՞ այս գործում։ Գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ Թորոսյանին պատգամավորական լիազորություններից զրկելու միջնորդություն չունեն։
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հնարավոր է հարուցել միայն Ազգային ժողովի համաձայնությունից հետո։ Թորոսյանը երեկվանից հրաժարվում է պատասխանել մեր հարցերին։
Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, «Մեդլայն»-ի տնօրենի կազմակերպմամբ, կեղծվել են պացիենտների բժշկական պատմագրերը, և ստացիոնարում բուժված 385 պացիենտ ներկայացբել է որպես ռեանիմացիայի հիվանդ։ Ենթադրվում է, որ հիվանդանոցն այդպես ավելի շատ գումար է ստացել պետությունից։ Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, ըստ իրավապահների, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն»-ի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով տնօրեն Բաբկեն Շահումյանը պետական միջոցներից հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Սիմոնյանն ու Շահումյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։ Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց՝ փաստական գեթ մեկ ապացույց չկա, որ փոխնախարար Սիմոնյանը կարող էր տեղեկացված լինել ենթադրյալ փաստաթղթեր կեղծելու մասին։ Հիշեցրեց՝ այդ օրերին խառնաշփոթ էր, բարձրաստիճան պաշտոնյան որի՞ անկետան ստուգեր։
«Նա չի էլ ունեցել այդ լիազորությունները», - ասաց փաստաբանն ու ֆինանսավորման սխեմայի իր բացատրությունը ներկայացրեց. - «Տվյալներ են ներկայացվում դուրս գրման տրիաժին։ Դուրս գրման տրիաժի միջոցով, Պետական առողջապահական գործակալության միջոցով ֆիլտրվում ա էդ տվյալները, գնում ա ֆինանսական մաս, ու էդ ֆինանսական բացթողումները կատարվում են։ Մեկ մի բան. չմոռանանք, թե էդ թվականներին ինչ էր կատարվում երկրում՝ ամենօրյա ռեժիմով շուտ երեքից-չորս հազար բուժվող անձ... ֆիզիկապես դա ուղղակի հնարավոր չէր անել։ Այսինքն՝ էս ամեն ինչի համատեքստում էդ գործառույթը դրված չի եղել կոնկրետ Գևորգ Սիմոնյանի վրա»։
Վարչապետ Փաշինյանն այսօր անդրադառնալով այս գործին՝ ասաց, թե կարծում է, որ գործը դատարան կհասնի. - «Ես գիտեմ նաև իրավապահ մարմինների ձգտումը, որ եթե կա տեսանելի հավանականություն, որ գործը դատարանի ճանապարհին կարող ա փլուզվի, կամ դատարանում, ավելի լավ ա էդ գործը չսկսել»։
«Մեդլայն կլինիկ»-ից պնդում են, որ այս մեղադրանքները հիմնված են բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա։ Կլինիկան երեկ տարածած հաղորդագրությամբ ընգծել էր՝ համավարակի շրջանում բուժկենտրոնը հաճախ իր ֆոնդից է գումար ծախսել։
Մեծ աղմուկ բարձրացրած այս գործից հետո համավարակի ընթացքում քովիդի հետ առչություն ունեցած բուժաշխատողներն ու համակարգողները խուսափում են մեկնաբանություններից։