Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորված առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի։
Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել խափանման միջոց կալանավորումը վերացնելու հիմքով: Դատարանը բավարել է բողոքը։
«Ազատության» հետ զրույցում այսօր Խաչատրյանն ասաց՝ դատարանը խնդիր է տեսել հիմնավոր կասկածի մասով, այսինքն՝ դատարանը վերացրել է կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը։
«Գնում եմ կալանավայր, շուտով ազատ կարձակվի», - ասաց Խաչատրյանը։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:
2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Երևանի ներկայիս փոխքաղաքապետը կալանքի տակ էր շուրջ երկու ամիս։