Կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը, դատարանը քննելու է նաև Երևանի փոխքաղաքապետ, Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին կալանավորելու հարցը։ Վերջինս ու ևս 10 բուժաշխատողներ երեկ էին ձերբակալվել։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:
2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Նրա փաստաբան Էմին Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ նա չի ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նշած վերահսկողական գործառույթները։
Ըստ փաստաբանի՝ երբ «Մեդլյանն» ընդգրկվել է քովիդից բուժվողներին սպասարկող կլինիկաների ցանկում, Սիմոնյանը չի եղել ֆինանսավորման համակարգողը, այս քրեական վարույթն էլ հարուցվել է մինչև նրա համակարգող դառնալը։
«Եթե վարույթ իրականացնող մարմինը գեթ մեկ ապացույց ներկայացնի, որ Գևորգ Սիմոնյանը տեղեկացված է եղել ոչ միայն «Մեդլայն», այլ առհասարակ որևէ կլինիկայում չարաշահման մասին ու դրանց ընթացք չի տվել, կարող էինք դատողություններ անել, իսկ որևէ անձի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունենալը, դեռ չի նշանակում, որ Գևորգ Սիմոնյանը կաշկանդված է եղել։ Պատկերացրեք Քննչական մարմինն ունի բաժնի պետ ու տեղակալներ։ Ենթադրենք, մի հատ քրեական գործով քննիչը կաշառք է վերցնում ու գործի ուղղությունը թեքում է մեկ այլ ուղղությամբ, էսքան ժամանակ լսե՞լ եք որևէ քննչականի պետ դատապարտվի կամ կալանավորվի դրա համար», - ասաց Էմին Խաչատրյանը։
Մեղադրանքը չի ընդունում նաև «Մեդլայն կլինիկի» կալանավորված տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Նրա փաստաբան Գարիկ Դանիելյանն այսօր հրաժարվեց հարցազրույցից։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Մեդլայն» կլինիկայի առնվազն 8 բժիշկ, հիմնադիր տնօրենի կազմակերպմամբ, 2020-ի հուլիսից 2021-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ստացիոնար բաժանմունքում բուժված 385 պացիենտի հիվանդության պատմագրերում գրել են, իբր նրանք վերակենդանացման բաժանմունքում են բուժվել, հետո այդ մասին կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Առողջապահության նախարարություն։
Ձերբակալված Գևորգ Սիմոնյանի փաստաբանն ասում է՝ փոխնախարարը անկետա ստոգող չէ։
«Գևորգ Սիմոնյանն առհասարակ հո չի այցելում ցանկացած հիվանդանոց ցանկացած հիվանդի ու ստուգում, թե պատմագրի մեջ ինչ է գրված։ Տվյալներ են ներկայացվում դուրս գրման բաժին, արդի խողովակով ֆիլտրվում են էդ տվյալները գնում են ֆինանսական մաս ու էդ ֆինանսական բացթողումները կատարվում են», - ասաց փաստաբանը։
Գործի քննությունը մեկնաբանել է նաև Կորոնավիրուսի համավարակի սկզբում Առողջապահության նախարարությունը ղեկավարած, այժմ իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նրա որակմամբ՝ մեղադրանքն անհիմն է ու հորինված։ Գործը հարուցվել է Հաշվեքննիչ պալատի նախորդ տարվա ուսումնասիրությունների հիման վրա։ Պնդելով, թե ստուգումները նախկին իշխանության հետ կապված պալատի անդամներն են իրականացրել՝ Թորոսյանը դրանց հետևում քաղաքական միտում է տեսնում։
Նախկին նախարարի կարծիքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն չունի բավարար մասնագիտական գիտելիք ուսումնասիրելու առողջապահական համակարգի գործառույթները։
«Հիվանդների դուրսգրման խմբի հիմնական ֆունկցիան եղել է ազատ մահճակալներ ապահովելը, պիկերի ժամանակ է այդ խումբը ստեղծվել, որ կարողանանք պացիենտներին որոնք կարիք ունեն հոսպիտալացնենք, և այն պացիենտները, որոնք արդեն առողջանալու վրա են և կարող են շարունակել իրենց բուժումը տանը, դուրս գրվեն տուն, իսկ համակարգող տեղակալն, իրենք նաև տարբեր են եղել տարբեր ժամանակահատվածներում, ամբողջ աշխատանքների համակարգումն է իրականացրել, այդ թվում՝ ֆինանսավորման, որպեսզի ֆինանսավորումը տեղ հասնի բուժհաստատություններ և բուժհաստատությունները կարողանան իրենց ծախսերը հոգալ։ Ակնկալել մասնագիտական խմբից, որը որ պացիանետներ պետք է դուրս գրի, ինչ-որ ֆինանսական ֆունկցիաներ, դա մտացածին, երկնքից վերցված հիպոթեզ է, որը ոչ մի կերպ չի կարող հաստատվել, էդ հիպոթեզից վերև էլ արդեն ինչ-որ այլ պաշտոնյայի մասին հիպոթեզ, որ ինքն էլ էդ խմբին պետք է վերահսկեր, որ ինքն ավելի լավ վերահսկեր», - ասաց առողջապահության նախկին նախարարը։
Թորոսյանը նաև տարօրինակ է համարում, որ մինչև հիմա ինքը չի հարցաքննվել, թեև ինքն է այդ շրջանում եղել առողջապահության նախարարը։
Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին՝ վարույթի վերաբերյալ Թորոսյանի մեկնաբանություններին չեն արձագանքելու։ Գլխավոր դատախազությունից տեղեկացանք՝ Թորոսյանին պատգամավորական լիազորթյուններից զրկելու միջնորդություն չունեն։