Մատչելիության հղումներ

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է


Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, «Ազատությանը» հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Սիմոնյանը երկու ամիս կմնա կալանքի տակ։

Կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով ավելի վաղ կալանավորվել էր «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը։ Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանն ու ևս 10 բուժաշխատողներ երկու օր առաջ էին ձերբակալվել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:

2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

XS
SM
MD
LG