Եվրոպական միությունը կազմում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը: Դրա թիրախում կլինեն ոչ ռուսական ընկերությունները, որոնք Մոսկվային ուղղակի կամ անուղղակի սատարում են արևմտյան պատժամիջոցները տարատեսակ ստվերային գործարքներով շրջանցելու հարցում:
Փաթեթում կներառվեն ավելի քան 35 ընկերություններ՝ այդ թվում Հայաստանից: Եվրոպական հանձնաժողովը ցուցակը փոխանցել է Եվրամիության երկրներին: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյա Էրիկ Մամերի փոխանցմամբ՝ այսօր ցուցակի շուրջ քննարկումներ կլինեն Եվրամիության Մշտական ներկայացուցիչների կոմիտեում:
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ստրասբուրգում ասել է, որ 11-րդ փաթեթը բնավ վերջինը չի լինի: Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը մշտապես շարունակելու է աշխատանքն այդ ուղղությամբ և մտադիր է ընդարձակել պատժամիջոցները:
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ նոր ցանկում կան մի շարք չինական ընկերություններ, սակայն կընդգրկվեն նաև ընկերություններ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուզբեկստանից և Հայաստանից:
Bloomberg-ը չի նշում դրանց անունները և միայն հայտնում է, որ, ըստ եվրոպացիների, այդ ընկերություններն «իրենց աշխատանքով սատարում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին»:
Ենթադրվում է, որ, մասնավորապես, չինական ընկերությունները Ռուսաստան են ուղարկում սարքավորումներ, որոնք հնարավոր է օգտագործել նաև ռազմական նպատակներով:
Նոր փաթեթում կներառվի մոտ յոթ տասնյակ անուն: Ֆիզիկական և իրավաբանական անձանց անունները, քաղաքացիությունը և ընկերությունների տեղակայման վայրերը Bloomberg-ը չի հաղորդում:
Մինչդեռ, The Financial Times բրիտանական օրաթերթը մայիսի 7-ին հաղորդել է, որ նախնական ցուցակում ներառված են 3HC Semiconductors, King-Pai Technology, Sinno Electronics, Sigma Technology, Asia Pacific Links, Tordan Industry և Alpha Trading Investments չինական ընկերությունները: Դրանք ստեղծում և արտադրում են կիսահաղորդիչներ, միկրոչիպեր և էլեկտրոնային այլ բաղադրիչներ:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլին «Ազատությանն» ասել է, որ Երևանը չի օգնում Մոսկվային՝ շրջանցելու պատժամիջոցները։ «Մենք որևէ կերպ չենք փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը մեր ռուս գործընկերների կողմից», - նշել է նախարարը:
Հայտնի է պատժամիջոցների ենթարկված առնվազն մեկ ընկերության անուն, ընդ որում՝ խոսքը ոչ թե եվրոպական, այլ ամերիկյան պատժամիջոցի մասին է: Որոշումը սահմանվել է «ՏԱԿՈ» սահմանափակ պատասխանատվության ընկերության նկատմամբ: Այն 2022-ի մայիսին գրանցվել է Հայաստանում և զբաղվում է էլեկտրոնային արտադրանքի առևտրով: «ՏԱԿՈ» ՍՊԸ-ի սեփականատերը Ռուսաստանի քաղաքացի է: