Աշխարհի 7 առաջատար տերությունների ներկայացուցիչները դիտարկում են Ռուսաստան ապրանքների արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը, հաղորդում է «Կիոդո» ճապոնական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության իր աղբյուրներին։
Bloomberg-ը նույնպես, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինայի մյուս դաշնակիցները քննարկում են «Ռուսաստան արտահանումների մեծ մասի ուղղակի արգելքը»։ Հաղորդագրության համաձայն՝ Մեծ յոթնյակի պաշտոնյաներն այդ հարցի շուրջ քննարկումներ են անցկացնում մայիսին Ճապոնիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովից առաջ։
Ենթադրվում է, որ եթե G7-ը հաստատի դա, նմանատիպ արգելող միջոցներ կներդրվեն նաև Եվրամիության անդամ երկրների կողմից։
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն Bloomberg-ին ասել է, որ կառավարությունը տեղյակ է այդ մասին, սակայն չի կարող բացահայտել G7-ի և գործընկերների միջև Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների վերաբերյալ քննարկումների բովանդակությունը: