Մատչելիության հղումներ

Արևմտյան չիպերը Հայաստանից Ռուսաստան են հասնում. Մոսկվան նաև Երևանի՞ օգնությամբ է շրջանցում պատժամիջոցները


«Ազատության» տրամադրության տակ հայտնվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Հայաստանը անցած մեկ տարում շեշտակի ավելացրել է արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների ներկրումն ու արտահանումը Ռուսաստան՝ փաստացի դառնալով տարանցիկ երկիր՝ սահմանափակումներից խուսափող Ռուսաստանի համար։ Եվրոպական միայն մեկ երկրի դեպքում միկրոչիպերի, սարքերի ներմուծումը Հայաստան աճել է ավելի քան 700 տոկոսով։ Ըստ Արևմուտքի՝ չիպերն ու էլեկտրոնային այդ սարքերը Ռուսաստանն օգտագործում է ռազմարդյունաբերության մեջ։

Հայաստանը չի օգնում Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները. նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, սակայն, «Ազատության» հարցին ի պատասխան, հերքեց պնդումը, թե Հայաստանն օգնում է Մոսկվային՝ շրջանցելու պատժամիջոցները։

«Մենք որևէ կերպ չենք փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը մեր ռուս գործընկերների կողմից», - նշեց նախարարը:

Վահան Քերոբյանն ասաց՝ այս հարցը քննարկում են և՛ ամերիկացի, և՛ եվրոպացի գործընկերների հետ, նախարարի ձևակերպմամբ, փարատելու նրանց մտահոգությունները։ Քերոբյանի խոսքով, կառավարության դիրքորոշումն այս հարցում հստակ է, իսկ մասնավոր ընկերությունների գործունեությունը նրա՛նց ռիսկն է, ոչ թե պետության։

«Մի ձեռքի մատների վրա հաշված որոշ ընկերություններ կան, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել, բայց դա այդ ընկերությունների ռիսկն է։ Մենք մեր մաքսային, բանկային այլ գործիքակազմով փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր երկրի ընկերությունների ապահովությունը, այսինքն՝ սանկցիաների տակ չընկնելը։ Բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մենք նաև հետամուտ ենք մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելուն, և դա կարողանում ենք պատշաճ կերպով բացատրել մեր գործընկերներին», - նշեց նա:

ԱՄՆ-ից ու ԵՄ-ից ներկրվող չիպերի ու այլ էլեկտրոնայի մասերի 97 տոկոսը վերաարտահանվել է Ռուսաստան. New York Times

Հայաստանի անունն առաջին անգամը չէ շրջանառվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման վերաբերյալ արևմտյան հրապարակումներում։ Մեկ ամիս առաջ «Ռոյթերզը» հաղորդեց, թե Միացյալ Նահանգների կառավարությունը հորդորել է մի շարք երկրների, այդ թվում՝ հայաստանյան գործարարներին խստորեն պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Վաշինգտոնը զգուշացրել էր՝ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել հնարավոր հետապնդումների: Անցած շաբաթ էլ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալն այս մասին ուղիղ էր խոսել՝ Հայաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Օրերս էլ ամերիկյան հեղինակավոր New York Times-ը գրեց, թե «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ»։

«Բազմաթիվ պարբերականներում նման նյութեր հրապարակվում են, բայց պետք է նկատի ունենալ, որ դրա գլխավոր շարժառիթը այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է նույն տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է», - ընդգծեց էկոնոմիկայի փոխնախարարը։

New York Times-ը, հղում անելով պաշտոնական փաստաթղթի, գրել էր՝ 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը անցած տարի 515 տոկոսով ավելացրել է չիպերի և պրոցեսորների ներկրումը Միացյալ Նահանգներից, 212 տոկոսով՝ Եվրամիությունից։ Ըստ ամերիկյան պարբերականի՝ հետո այդ ապրանքների 97 տոկոսը արտահանվել է Ռուսաստան՝ օգտագործվելով ռազմարդյունաբերության մեջ։

«Տոկոսները մեծ են թվում, բայց իրական գումարը շատ չնչին է, և մենք եթե խոսենք թվային, ոչ թե տոկոսային արտահայտությամբ, ապա դա այնքան աննշան է, որ դրա մասին առայժմ անհանգստանալու առիթ չկա», - ասաց Քերոբյանը:

ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը 2022-ին աճել է ավելի քան 90 տոկոսով

Պաշտոնական տվյալները ևս հաստատում են՝ 2022-ին Հայաստանի առևտրաշրջանառությունը Միացյալ Նահանգների, Եվրամիության անդամների ու Ռուսաստանի հետ շեշտակի ավելացել է։ Օրինակ՝ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն անցած տարի աճել է ավելի քան 90 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ դոլար։

«Մենք գործ ունենք ազատ տնտեսական և ազատ շուկայական հարաբերությունների հետ, և Հայաստանի Հանրապետությունը ու Ռուսաստանի Դաշնությունը գտնվում են Եվրասիական տնեսական միության մեջ, ուստի Հայաստանի ձեռնարկությունները, հայ բիզնեսմենները ևս փորձում են մաքսիմալ շահ հետապնդել և իրենց շահն առաջ տանել՝ Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, ուստի մեծանում է նաև Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումները, այդ թովում նաև վերաարտահանումները», - ասաց քաղաքագետ Գոռ Պետրոսյանը:

Հայաստանը Ռուսաստանի համար ներմուծումների առումով մեծ դերակատարություն չունի, ի տարբերություն Թուրքիայի. գիտաշխատող

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Պետրոսյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ Հայաստանը Ռուսաստանի համար այդ առումով մեծ դերակատարություն չունի, ի տարբերություն Թուրքիայի, որը Մոսկվայի խոշորագույն առևտրային գործընկերներից է։

Ռուսաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունն անցած տարի շեշտակի է աճել։ Վաշինգտոնը նաև քանիցս Անկարային է նախազգուշացրել Ռուսաստան արտահանվող պատժամիջոցների տակ գտնվող ապրանքերի առնչությամբ։

«Թվում է, թե կրկնապատկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների և թուրք-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները, երբ դրանք տոկոսներով են արտահայտված բավականին նվան ենք, բայց երբ դրանք վեր ենք ածում թվերի, էականորեն տարբերություն է զգացվում՝ 30 և 60 մլրդ դոլար առևտրաշրջանառության և 2 կամ 3-ից 5 մլրդ բարձրացրած առևտրատնտեսական հարաբերությունների միջև հսկայական տարբերություն կա, և նաև տնտեսությանը օժանդակելու տեսանկյունից Հայաստանի դերը բավականին փոքր է», - նշեց Պետրոսյանը:

Մասնագետն այս իրավիճակում Հայաստանին դեմ արևմտյան պատժամիջոցների կիրառման վտանգ չի տեսնում. - «Եթե հարցը վերաբերեր՝ ինչ տեսակ պատժամիջոցներ կարող են կիրառվել Հայաստանի հանրապետության նկատմամբ տեսականորեն… դրանք կարող են լինել ավելի փափուկ պատժամիջոցներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի Հանրապետությանը հումանիտար զրկելը, ավելի կոշտը կարող է ուղղված լինել Հայաստանյան ֆինանսական համակարգին, տնտեսական համակարգին և այլն, սակայն նման ռիսկ, վտանգ այս պահի դրությամբ չկա»։

Մինչդեռ Հայաստանում գրանցված որոշ ընկերություններ արդեն հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ։ Վերջերս այդ ցանկը համալրեց Հայաստանում գրանցված «ՏԱԿՈ» ընկերությունը: Էլեկտրոնային սարքավորումների մեծածախ առևտրով զբաղվող ընկերության 100 տոկոս սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի, Ռուսաստանի քաղաքացի է, ով որոշել էր հայաստանում ընկերություն բացել 1 տարի առաջ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից ամիսներ անց։

XS
SM
MD
LG