Թուրքիան մտադիր չէ միանալ Ռուսաստանի նկատմամբ առանձին երկրների սահմանած պատժամիջոցներին, սակայն պարտավորված կլինի հետևել սահմանափակող որոշումներին, եթե դրանք մտցվեն ՄԱԿ-ի որոշմամբ: Այդ մասին այսօր Անթալիայի մարզում գտնվող Ալանիա ծովափնյա քաղաքում ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք ՆԱՏՕ-ի ամենահզոր երկրների հնգյակում ենք, բայց պետք է մտածենք մեր ազգային շահերի մասին: Ենթադրենք, ես միացա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բա այդ դեպքում Ալանիայի առևտրականներն ինչպե՞ս են Ռուսաստանում վաճառելու իրենց ապրանքը: Սակայն, եթե պատժամիջոցները ՄԱԿ-ը սահմանի, ապա այո, այդ դեպքում ես պարտավորված կլինեմ դրանց հետևել»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա փոխանցմամբ, նպատակահարմար չէ անտեսել սեփական երկրի շահերն ամենից բարձր դասելու սկզբունքը և միանալ առանձին պետությունների կողմից սահմանված պատժամիջոցներին, անկախ այն բանից՝ արդար են դրանք, թե անարդար: