Մատչելիության հղումներ

Մայիսյան Եռատոնը Արցախում նշում են հանրահավաքով՝ «Արցախը Ադրբեջան չէ» հիմնական ուղերձով


«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման հանրահավաքը Ստեփանակերտում։
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման հանրահավաքը Ստեփանակերտում։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում լռության րոպե է՝ ի հիշատակ Մեծ հայրենականում ու արցախյան երկու պատերազմում զոհվածների։

Հաղթանակի տոնը, Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման օրը 149 օր բլոկադայի մեջ ապրող Արցախում նշում են հանրահավաքով՝ «Արցախը Ադրբեջան չէ» հիմնական ուղերձով։

«Մեր Արցախը Ադրբեջանի կազմում իլա'լ չի, կա' ոչ, լինելու էլ չի'», - հանրահավաքի հարթակից հայտարարեց «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը։

«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը նախաձեռնող երիտասարդներն են հանրահավաք հրավիրել։ Պահանջն անփոփոխ է՝ ապամոնտաժել ադրբեջանական անցակետը, ապահովել Լաչինի միջանցքով Արցախ-Հայաստան անխափան կապը։

Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը դիմում է հայաստանցիներին՝ թույլ մի' տվեք, որ Հայաստանի իշխանությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վտանգող քայլեր անի։ Ռուս զորակազմին են դիմում՝ կատարե'ք ձեր պարտականությունը։ Արցախի իշխանություն, տեղի' մի տվեք Ադրբեջանի պահանջների առջև. - «Առաջնորդվեք միմիայն Արցախի ժողովրդի կամքով»

Վերածննդի հրապարակում էին Արցախի գործող ու նախկին նախագահները, նրանք ելույթներ չունեցան։

«Խաղաղ ժամանակներում փոխանակ հաղթանակին տեր կանգնեինք, հպարտացանք ու վատնեցինք հաղթանակն ու ժամանակը, մեր ազատագրած Արցախը տարանք կործանման». - Արցախի թեմից Տեր Վաչագան քահանան է ասում, միաժամանակ վստահ է՝ ոչինչ կորած չէ. - «Հավատով ու հույսով լցվենք մեր ապագայի հանդեպ, ապավինենք Աստծուն և մեր միասնական բազկի ուժին»։

Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Ադրբեջանը Հակարիի անցակետը ռուս խաղաղապահների դեմ է տեղադրել, որ նրանք հեռանան։ Ըստ Վարդանյանի՝ չի ստացվելու. - «Ես վստահ եմ, ու դուք էլ եք դա հասկանում, ու մենք դեռ կողք-կողքի ամեն ինչ պիտի անենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները, կատարեք նենց, ոնց ու պետք ա։ Այո, գիտեմ դժվար ա, բայց դուք պարտավոր եք դա անել, ու մենք ձեր կողքը կկանգնենք»։

«Ծանր է մեր վիճակը, բայց դիմանում ենք», - շարունակեց Ռուբեն Վարդանյանն ու հավելեց, որ ոչ ոքի վրա հարձակվել չեն ուզում, հանգսիտ ապրել են ուզում Արցախի հողում. - «Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց բանակցությունը չեն կարող լինեն ատրճանակը գլխին դրած։ Բանակցությունները պիտի լինեն էրկու կողմը հարգելով իրար»։

«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ստորագրահավաքը Արցախում շարունակվելու է։

Երևանում էլ Շառլ Ազնավորի հրապարակում է ստորագրահավաք՝ նույն պահանջով։ «Ստորագրություններն ուղարկելու եմ ողջ աշխարհին, որպեսզի մենք բոլոր քաղաքական, հասարակական, բոլոր հետաքրքրություն ունեցող մարդկանց բացատրենք, որ հայ ժողովրդի հավաքական տեսակետը այստեղ է։ Եվ հավաքական տեսակետը հակասում է այսօր իշխանության վարած քաղաքականությանը», - ասաց երևանյան ստորագրահավաքի նախաձեռնող, Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։​

Հայաստանում ու Արցախում արդեն ավելի քան 150 հազար հոգի է ստորագրել։ Քիչ է, Թովմասյանը, ստորագրահավաքը դեռ կշարունակվի։

Փոքրիկ մի վրան է՝ Արցախի դրոշով, այսօր նաև Շուշիի գորգերի թանգարանից նմուշներ էին կախել՝ Աբովյան փողոցով անցուդարձ անողներից շատերն էին մոտենում.

«հուսամ, որ կօգնի։ Ինչով կօգնի, դժվարանում եմ ասել, բայց հուսավ, որ ինչ-որ բանով կօգնի», - ասաց ստորագրահավաքին միացած մի կին։

Մեկ այլ կին հավելեց. - «Ես առցանց էլ եմ ստորագրել, ես անընդհատ դրա մեջ եմ... Բայց էդ անզորությունից... համենայն դեպս, մի հատ էլ փորձեցի սենց անեմ, գուցե սա էլ մի կաթիլ ավել անի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG