Մատչելիության հղումներ

Խաղաղ ակցիա Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին՝ ադրբեջանական անցակետը հանելու պահանջով


«Ազատ Արցախը ողջունում է ձեզ». արցախցի երիտասարդները այսպիսի ցուցանակ են տեղադրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ու խաղաղ ակցիա սկսել՝ ադրբեջանական անցակետը հանելու պահանջով։

«Բերձորի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը մեր համար կարմիր գիծ է և անթույլատրելի: Ակցիան շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև տվյալ անցակետը այնտեղից չհեռացվի», - ասաց ակցիան նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը:

Բաղրյանն ասում է՝ իրենց շուրջ 100 կամավորներ են միացել, դեռ ապրիլի 28-ից են արցախցի երիտասարդներն սկսել ստորագրահավաք՝ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, պահանջը Արցախի ապաշրջափակումն է, ավելի քան 20 հազար ստորագրություն են հավաքել, ու այդ գործը դեռ շարունակելու են: Ըստ Դավիթ Բաղրյանի, այդ փաթեթը պետք է հասնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ու Հայաստանի իշխանությանը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության կառավարության ղեկավարի», - նշեց Դավիթ Բաղրյանը:

Ստորագրահավաքին միացել էր նաև նախագահ Արայիկ Հարությունյանը. Արցախում տարբեր շարժումներ են ձևավորվում այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը արցախցիներին շուրջ 5 ամիս շրջափակման մեջ պահելուն զուգահեռ՝ պաշտոնապես անցակետ բացեց Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա։ Կիրակի օրը Ադրբեջանը արդեն տեսանյութով ներկայացրեց, թե ինչպես են մի քանի արցախցիներ, նրանց մեքենաները մանրամասն ստուգման ենթարկվում:

Շուշիի վարչակազմի ղեկավար. 4 գյուղերի բնակիչները հումանիտար բեռ չեն ստացել, ճգնաժամը խորանում է

Շուշիի շրջանի 4 գյուղեր իններորդ օրն է կրկնակի բլոկադայի մեջ են՝ այդտեղ ապրողներից մի քանի հոգի էին որոշել ադրբեջանցիների միջով անցնել, Գորիսից գնումներ անել, վերադառնալ.... ադրբեջանական նկարահանվող ստուգումից հետո արդեն ոչ ոք դեպի կամուրջ չի գնում:

Շուշիի վարչակազմի ղեկավարը շեշտում է 4 գյուղերի բնակիչներ՝ շուրջ 350 հոգի, ոչ ռուս խաղաղապահներից, ոչ էլ Կարմիր խաչից հումանիտար բեռ չեն ստացել, մարդիկ դեղորայքի ու սննդի կարիք ունեն:

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի ճակատագիրը խոստացել է ճշգրտել ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարը, երեկ ասել է՝ առաջիկա օրերին ադրբեջանական կողմի հետ կհանդիպի ու շաբաթվա վերջում տեղյակ կպահի պաշտոնական Ստեփանակերտին։

Արցախի խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանի տեղեկացմամբ՝ այդ հանդիպումներն սկսված են:

«Մենք հասկանում ենք, որ սա ավելի շատ քաղաքական հարց է և քաղաքական դերակատարների միջնորդությամբ պետք է կարգավորվի, ոչ թե խաղաղապահների հրամանատարության, բայց մյուս կողմից նաև հրամանատարության և անձամբ հրամանատարից շատ բան է կախված, և կարծում եմ, պետք է մի քիչ համբերել՝ գոնե նորանշանակ հրամանատարը բոլոր կողմերի հետ հանդիպումները վերջացնի և արդեն բովանդակային հայտարարությամբ հանդես գա», - նշեց Հարությունյանը:

Պատգամավորը տրամաբանական է համարում, որ արցախցիները տարբեր ակցիաներով փորձում են պայքարել անցակետի դեմ: «Պայքարից չենք հրաժարվում և այժմ էլ քննարկում ենք թե ինչ անել», - ասում է Արամ Հարությունյանը, միաժամանակ թերահավատ է, թե ադրբեջանցիները հեռանալու են անցակետից:

«Չեմ հավատում այն պատճառով, որ սկսած 2020 թվականից Ադրբեջանը երբ խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, երբեք հետքայլ չի արել ինչքան էլ բոլոր կողմերից հստակ արձանագրվել է, որ միակողմանիորեն Ադրբեջանն է խախտել», - ասաց նա:

Ադրբեջանական դրոշը Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ
Ադրբեջանական դրոշը Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ

Սրա պատճառը, Հարությունյանի կարծիքով, այն է, որ միջազգային դերակատարներն էլ, ռուսական կողմն էլ այս ամենին կտրուկ չեն արձագանքում, Ադրբեջանն էլ անում է այն, ինչ ուզում է. - «Այս փուլում կարծում եմ շատ դժվար կլինի հասնել մեր ուզած նպատակին, բայց գոնե պետք է անել ամեն ինչ, որ չարյաց փոքրագույնը գոնե կարողանանք պահել»:​

Չարյաց փոքրագույնն, ըստ պատգամավորի, այն կլինի, որ ադրբեջանցիները անցակետից հեռանան, նրանց տեղում կանգնեն ռուս խաղաղապահները:

«Թե տեխնիկական ինչպիսի համագործակցություն կլինի արդեն իրանց մեջ գոնե էս շրջանակում քննարկվի», - նշեց Հարությունյանը:​

Բաքուն շարունակում է իր պետական խորհրդանիշերով զինել անցակետն ու նաև երթևեկը վերահսկող նոր սարքավորումներ է ավելացնում։ Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են՝ շարժական ռենտգեն սկաներ է տեղադրվել, ժամում 23 բեռնատար կստուգի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG