Մատչելիության հղումներ

Լենցովի և ադրբեջանական կողմի քննարկումների ընթացքում պայմանավորվածության հասնել չի հաջողվել. պետնախարար


Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ Բաքվում կայացած քննարկումների ընթացքում հաջողության հասնել, հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Լենցովը այս շաբաթ էր մեկնել Բաքու՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը:

«Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել», - գրել է արցախցի պաշտոնյան ֆեյսբուքյան իր էջում:

Նրա փոխանցմամբ՝ ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում: Թե որտեղ, նա չի մանրամասնել։

Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները։

XS
SM
MD
LG