Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի այցը Բաքու արդյունք չտվեց. Ստեփանակերտը չի մեկնաբանում


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում

Ստեփանակերտից դեռ չեն հայտնում՝ ինչո՞ւ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի այցը Բաքու արդյունքներ չի տվել։ Երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էր հայտնել՝ անցած շաբաթ Բաքու մեկնած Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության հասնել։ Իսկ ռուս հրամանատարը, ըստ Ստեփանակերտի, Ադրբեջան էր մեկնել բանակցելու նաև երկու շաբաթ առաջ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը հանելու հարցով։

«Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել», - «Ֆեյսբուք»-ում գրել է պետնախարարը։

Ըստ Գուրգեն Ներսիսյանի՝ ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում: Թե որտե՞ղ, ի՞նչ ձևաչափով, բարձրաստիճան պաշտոնյան չի մանրամասնել։

Խաղաղապահների հրամանատարը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր թե, հանդիպման ընթացքում քննարկվել է «Ղարաբաղյան տնտեսական շրջանում ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում առկա իրավիճակը»։ Այլ մանրամասներ չէին հաղորդվել հանդիպումից։

Թե արդյոք այլ հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան զինվորականը, ևս չի հաղորդվել: Արցախի Ազգային ժողովի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն էլ տեղյակ չէ։

«Գնալով էդ ճնշումներն ավելացնելով փորձում են իրենց պահանջներն առաջ քաշել», - նշեց Արթուր Հարությունյանը:

Իշխանական պատգամավորն ասում է, թե չգիտի նաև՝ ինչո՞ւ են բանակցություններն անարդյունք եղել։ Հարությունյանը կարծում է, որ Բաքվի առավելապաշտական ձգտումներն են պատճառը։ Այնուամենայնիվ, Հարությունյանն ակնկալում է, որ խաղաղապահների հրամանատարի հերթական հանդիպումը կարող է իրավիճակ փոխել։

«Ակնկալիքն այն է, որ պետք է անվերապահորեն կատարվեն նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները, այսինքն, այն դրույթները, որոնք Ադրբեջանն անընդհատ խախտել է», - ընդգծեց պատգամավորը:

Արցախի խորհրդարանական ընդդիմությունում լավատես չեն։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է՝ որևէ սպասելիք էլ չունեին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի բանակցություններից, մի իրավիճակում, երբ, պատգամավորի ձևակերպմամբ, Հայաստանի վարչապետը փաստացի Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում՝ հայտարարելով, թե դեռ Հայաստանի նախորդ իշխանությունները Մադրիդյան փաստաթղթով են դա արել։

«Նիկոլ Փաշինյանն այսօրվա Ադրբեջանին ճանաչում է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ՝ անտեսելով այն փաստը, որ Արցախն ինքնորոշվել է, անկախացել է Խորհրդային Միության Սահմանադրության օրենսդրությունների համաձայն, ինչպես և Ադրբեջանի Հանրապետությունը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Գալստյանը պնդում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է այդ հարցով բանակցություններ վարեն այդ փաստաթուղթը ստորագրած մյուս կողմերի՝ Բաքվի ու Մոսկվայի հետ։ Հայաստանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցի։

Լաչինի միջանցքում, որը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում է, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով անցակետ նախատեսված չէ։

«Մինչև մենք չհասկանանք, որ մենք պետք է մեր շահն առաջ տանենք, մենք ունենալու ենք նման իրավիճակներ: Օր առաջ պետք է հայկական կողմը հասկանա, որ պետք է հարգի իր ստորագրությունը, և Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ իր ստորագրությամբ է, որ այս միջանցքի վերահսկողությունը դրվել է ռուս խաղաղապահների վրա, հարգի իր ստորագրությունը, տեր կանգնի իր ստորագրությանը, որպեսզի այդ ճգնաժամը կարգավորվի», - նշեց Գալստյանը,

Ադրբեջանի իշխանությունները հիմա էլ հայտարարում են, թե Ղարաբաղի հայերը «Ադրբեջանի օրենքները կատարելու դեպքում կարող են ադրբեջանական անձնագիր ստանալ»։ Արցախի ժողովրդի ինտեգրացիայից հետո Ադրբեջանի կազմում նրանց ավելի լավ ապագա խոստացող Բաքուն քանիցս Երևանից է պահանջել՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Արցախում շարունակվում է հումանիտար ճգնաժամը

Նույն ընթացքում Արցախում շարունակվում է հումանիտար ճգնաժամը, մարտի 22-ից գազ չկա, գրեթե 4 ամիս է՝ Հայաստանից հոսանք չի մատակարարվում։

Արցախում հոսանքի մեծ մասն ապահովող «Սարսանգի» ՀԷԿ-ի գերծանրաբեռնվածության հետևանքով համանուն ջրամբարը գրեթե դատարկվել է։ Էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից, հայտնում են Արցախի տարածքային կառավարման նախարարությունից։ Գերատեսչությունը «Ադրբեջանական շրջափակման հասցված աղետալի վնասը՝ Սարսանգի օրինակով» վերնագրով լուսանկարներ է հրապարակել՝ Սարսանգի ջրամբարը՝ մինչ շրջափակումը, և հիմա։

Լաչինի միջանցքով էլ վերջին շաբաթվա ընթացքում միայն ռուս խաղաղապահներն են երթևեկում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ապրիլի 29-ից հիվանդների չի տեղափոխվում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհով։

«Ապրիլի 29-ից առ այսօր ոչ մի շարժ Լաչինի միջանցքով մենք՝ որպես չեզոք մարդասիրական կազմակերպություն, չենք իրականացրել: Որոշում է կայացվել, որպեսզի ժամանակավոր ոչ մի շարժ չլինի, քանի որ քննարկումներ են շարունակվում բոլոր որոշում կայացնողների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, այնպիսի պայմաններ կարողանան ստեղծել, որ բոլորի համար ձեռնտու լինեն: Այսինքն՝ որպեսզի մենք կարողանանք որպես չեզոք միջնորդ, մարդասիրական միջնորդ շարունակել մեր շարժը Լաչինի միջանցքով, պետք է վստահ լինենք, որ բոլոր որոշում կայացնողները համաձայն են որոշ պայմանների շուրջ», - ասաց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Լաչինի շրջափակումից հետո՝ դեկտեմբերի 19-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լաչինով 394 հիվանդ է տեղափոխել Արցախից Հայաստան։ Կազմակերպության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն ասում է՝ կարծում է՝ հիմա էլ անհրաժեշտություն կա։

Վիճակը վատ է հատկապես Շուշիի շրջանի 4 համայնքներում՝ Հին Շենը, Մեծ Շենը, Լիսագորն ու Եղցահողը Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո երկկողմանի շրջափակման մեջ են հայտնվել։ Ոչ Ստեփանակերտից, ոչ էլ Հայաստանից բեռնափոխադրումներ չեն իրականացվում, ասում է Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Կառավարության կողմից անընդհատ աշխատանքներ կատարվում են, որպեսզի էդ առաջին անհրաժեշտության նվազագույն ապրանքները ապահովվի, մարդկանց ուտելիքի, դեղորայքի և մնացած բոլոր կարիքներն ապահովելու համար», - նշեց Հարությունյանը:

Անցակետի տեղադրումից հետո այս բնակավայրեր անցած շաբաթավերջին առաջին անգամ առաջին անհրաժեշտության բեռներ մտան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG