Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կառավարությունը Հակարիի կամրջի անցակետը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկում


Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետը դատարկ է, անցուդարձ չկա։ «Ազատության» տեսախցիկն այսօր ֆիքսել է կամրջի վրա կայանած ռենտգեն սկաներ բեռներ ստուգող շարժական սարքը և երկու նոր դրոշներ կամրջի աջ և ձախ կողմերում, բլուրների վրա՝ ադրբեջանականն ու ռուսականը։

Հայաստան-Արցախ ճանապարհից անցակետի ադրբեջանցիներին հանելու պաշտոնական Ստեփանակերտին տված խոստումով Բաքվում է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովը, հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հետ։ Արցախի իշխանություններին Լենցովը խոստացել էր տեղեկություններ տալ այս բանակցությունից հետո մինչև շաբաթվա վերջ ։

Այսօր ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Հակարիի կամրջի անցակետը Ադրբեջանը կառավարության որոշմամբ ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկում։

Անցակետի վերջնական կահավորումից, անձնագրային ստուգման ռեժիմի սահմանումից հետո, այստեղով ընդամենը կիրակի օրը մի քանի արցախցիներ են անցել։ Ինչպես հետո պարզվեց, նրանք տեղեկացվել էին, թե այդտեղ միայն ռուսներն են։

Ադրբեջանական անցակետի ու Շուշի-Քարինտակ խաչմերուկը փակած ադրբեջանցի ուժայինների միջև պաշարված չորս գյուղերի բնակիչները ոչ մի ելք չունեն ո'չ դեպի Գորիս, ո'չ էլ Ստեփանակերտ։

«Մեր նախագան միշտ էլ դիմում ա, միշտ էլ ասում ա, որ ժողովուրդը արդեն սովի ա մատնվելու, ժողովրդի հոգսը արեք։ Եվ հլա ոչ մի բան։ Հա, հա... հլա ձեռն չկա», - ասում է հինշենցի Անգին Սարգսյանը։

Նրա խոսքով, գյուղը ոչ մի հումանիտար բեռ չի ստացել, այստեղով անցնող ռուս խաղաղապահների մեքնենաները չեն էլ կանգնում, Կարմիր խաչից էլ գյուղ մտնող չի եղել։

«Շփումների և քննարկումների մեջ ենք բոլոր որոշում կայացնողների հետ՝ հասկանալու, համաձայնեցնելու Լաչիմի միջանցքով մեր տեղաշարժի պայմանները», - փոխանցեց Կարմիր խաչի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։

Նրա տեղեկացմամբ, Լաչինի միջանցքում իրավիճակ է փոխվել, ապրիլի 29-ից հետո որևէ շարժ չեն կատարել, սպասում են։ Գիտեն, որ չորս գյուղերում սննդի, դեղորայքի խնդիրներ կան. - «Այո, արդեն որոշ պատկերացում ունենք, թե ինչ կարիքների մասին կարող է խոսքը գնալ»։

Հին Շենի ամենամեծ ընտանիքը Անգին Սարգսյանինն է՝ 9 հոգով են ապրում։ Բլոկադայի առաջին իսկ օրերին թոռներն անհաց մնացին, դժվարությամբ համայնքապետը մեկ պարկ ալյուր բերեց։

Կինը տագնապի մեջ է՝ մի 7 օրից դա էլ կսպառվի. - «Էրեխոցն ասեմ՝ քիչ օգտագործեցեք, յոլա քինանք։ Ամեն հինչի պակասություն էլ կա, ամեն հինչի»։

Արևհատ Թառանյանը գյուղի հեռատեսներից է՝ մթերքի պաշար ունի. - «Էնքան առել, որ մի տարի մենք մեր հացը թխենք, ուտենք, ոչ մեկին նեղություն չտանք՝ ինչքան էլ վատ վիճակ լինի։ Մենք միշտ ենք պատրաստ լինում, որովհետև հիմա Արցախում սաղ ապրող մարդիկ պըտի պատրաստ լինեն, որովհետև ամեն դեպքում ամեն ինչ կարող ա պատահի»։

Ստեփանակերտցի Նարինե Դանիելյանի տպավորությամբ, ադրբեջանական անցակետի գործարկումը խոչընդոտում է նաև Կարմիր խաչի աշխատանքին։ Նա 10 ամյա որդու՝ Կարոյի հետ մայիսի 2-ին պիտի Երևան տեղափոխվեր Կարմիր խաչի մեքենայով. - «Վեշերը կարելի ա ասած կապած, պատրաստ սպասում ենք ամեն րոպե զանգի»։

Որդուառողջական խնդիրները շատ են՝ մուկովիսցիդոզ, էպիլեպսիա, շաքարային անկանոնություն, ոսկրային խնդիր։ Նա պարբերաբաար մասնագիտացված կենտրոններում բուժման կարիք ունի, բայց մնացել է Ստեփանակերտում, որտեղ նեղ մասնագետներ չկան. - «Դեղեր կա, որ իրան չի օգնում, այլ դեղ են նշանակում։ Ես ինքնուրույն չեմ կարա էդ դեղը փոխեմ»։

Նարինեին Արցախի առողջապահության նախարարությունից ասել են՝ սպասեք մինչև Կարմիր խաչը տեղափոխի, առայժմ չի ստացվում։ Լսել է, որ այդ նոր անցակետում նոր պահանջներ են դնում՝ Արցախից դուրս գալ կարող եք, հայկական անձնագրով ներս գալ՝ ոչ։ Ի դեպ, դեռ անցակետն էլ չկար, երբ այսպիսի նախապայմանի մասին ահազանգում էր Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նարինեն հիշում է, որ վերջին անգամ մարտին երբ որդու հետ երևանյան հիվանդանոցից Արցախ էին վերադառնում արդեն իսկ խնդիրներ էին ստեղծվում նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների համար. - «Որ Էրեվանից հետ էկանք, ես զգացի, որ մի բան էն չի լինելու։ Որովհետև էն որ ժամերով կայնեցրեցին Կարմիր խաչի ավտոն, ժամերով մենք մնացինք կայնած։ Ամեն մի պոստի համարյա... Գորիսից Ստեփանակերտ որ պիտի մի էրկու ժամում հասնես, ոնց կլինի ձեր համար, որ վեց ժամում հասնես»։

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, այսօր ևս մեկ անգամ, որ ազգությամբ հայերը թափանցիկ կերպով անցուդարձ են անում իրենց անցակետով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG