Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը՝ ընդգծելով Լաչինի միջանցքը հնարավորինս արագ վերաբացելու կարևորությունը։
Ըստ Վաշինգտոնի հաղորդագրության՝ Բլինքենը խոստացել է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին՝ համոզմունք հայտնելով, որ խաղաղությունը հնարավոր է:
Ըստ Բաքվի՝ Ալիևը Բլինքենին ասել է, որ Լաչինում անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր նորմերին համապատասխան։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ անցակետի նպատակը ոչ թե երթևեկության սահմանափակումն է, այլ վերահսկողության ապահովումը, և մարդիկ արդեն անցնում են այդ անցակետով։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության և միջազգային փաստաթղթերի շրջանակներում, որոնց միացել է Բաքուն:
Նախօրեին պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: