Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։ Երևանն ու Բաքուն այլ մանրամասներ չեն հաղորդում։
Մինչ այդ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ում իր դիվանագիտական աղբյուրները, հայտնում է՝ Վաշինգտոնը փորձելու է հասնել տարաձայնությունների հաղթահարմանն ու խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կարող է տևել «մի քանի օր»։
«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», - գրում «Թուրան» գործակալության թղթակիցը։
Հայաստանի արտգործնախարարությունից դեռևս չի հաջողվում ճշտել ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդած տեղեկությունները։
Միրզոյանի ու Բայրամովի նախորդ հանդիպումը նոյեմբերի 7-ին էր դարձյալ Վաշինգտոնում։
Ի՞նչ սպասել արտգործնախարարների առաջիկա հանդիպումից
Ի՞նչ սպասել արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, երբ մի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն է սրվել ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո, մյուս կողմից Բաքուն նոր պահանջներ է դնում՝ հարաբերությունների բարելավման համար։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։
«Միգուցե ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, բայց ես կասկածում եմ, որ այս ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետև նմանատիպ բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք: Ունեցել ենք նախորդ տարվա սեպտեմբերի հանդիպումը Սալիվանի միջնորդությամբ, որտեղ կարծես թե ևս ինչ-որ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, բայց ադրբեջանական կողմն այդ բոլոր պայմանավորվածություններն իր համար ցանկալի ձևով է մեկնաբանում», - ասաց Գրիգորյանը:
Անգամ եթե Միացյալ Նահանգներում այս անգամ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերեն կողմերը, ապա խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր չի լինի, եթե Երևանը չհրաժարվի իր ներկայիս դիրքորոշումներից, կարծում է Գրիգորյանը։ Ըստ նրա, այդ հանդիպմանը նաև Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի, չնայած Երևանը հայտարարում է, որ չի ներգրավվի Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխության վերաբերյալ որևէ բանակցության մեջ։
«Չպահանջի միջազգային մեխանիզմ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների համար, երկրորդ, հրաժարվի այդ երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտի անհրաժեշտության մասին իր դիրքորոշումից, և երրորդը՝ համաձայնի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել այս պահին գոյություն ունեցող դե ֆակտո սահմանների հիման վրա: Այսինքն՝ թողնելով այդ օկուպացված տարածքները Ադրբեջանի վերահսկողության ներքո: Եթե Հայաստանը հրաժարվի այս երեք հարցերում իր դիրքորոշումներից, հնարավոր է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, եթե չհրաժարվի, ես որևէ հնարավորություն չեմ տեսնում», - ընդգծեց քաղաքագետը:
Հայաստանի զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնում են ՀՀ ինքնիշխան տարածքներում. ԱԳՆ
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումից օրեր առաջ Բաքուն 8 պահանջ առաջ քաշեց հարաբերությունների կարգավորման համար։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը երկուշաբթի օրը հնչեցրած պահանջների շարքում նշել էր, թե Հայաստանը պետք է նաև վերադարձնի սահմանամերձ ութ գյուղեր։
«Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջովին դուրս բերի իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի սահմանամերձ դեռևս օկուպացված ութ գյուղերը, դադարեցնի ու ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործունեությունից ու ապատեղեկատվությունից, դադարեցնի ականային ահաբեկչությունը, լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում, փոխհատուցի Ադրբեջանին պատճառած վնասները և բարեխղճորեն բանակցություններ վարի խաղաղության պայմանագրի և երկու պետությունների միջև սահմանների դելիմիտացիայի համար», - հայտարարել է Յաշար Ալիևը:
Արտաքին գործերի նախարարության խոսնակը «Ազատության» հարցին ի պատասխան հակադարձել է Բաքվից առաջ քաշվող պահանջներին, հայտարարել՝ Հայաստանի զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնում են բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում։ Արցախում պաշտպանության բանակն է։
Անդրադառնալով 8 գյուղերի մասին հայտարարություններին, արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել է՝ դեռևս 1990-ական թվականներին Ադրբեջանն օկուպացրել է Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողեր, Բերքաբեր և Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նոր թափ ստացած ագրեսիայի հետևանքով՝ ևս 150 քառակուսի կիլոմետր տարածք:
«Զարմանալի է, որ Հայաստանի կողմից տարածքների օկուպացիայի մասին խոսում են մի երկրի պաշտոնյաներ, որի բարձրագույն ղեկավարությունն անթաքույց կերպով տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ երբեմն նաև հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն չունի, հետևաբար այն չի խախտվում իր զինված ուժերի առաջխաղացմամբ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է ՀՀ տարածքների օկուպացիան՝ սպառնալով ուժի կիրառման միջոցով նոր տարածքներ գրավել իր առավելապաշտական պահանջները չկատարելու դեպքում», - նշել է Արտգործնախարարության խոսնակը։
«Հայաստանը համոզված է, որ միայն կառուցողական երկխոսության միջոցով է հնարավոր հասնել բոլոր խնդիրների լուծմանը, իսկ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ակնհայտորեն չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության հաստատմանը», - ասել է ԱԳՆ խոսնակը։
«Այս անգամ ռուսաստանյան հանդիպումից Երևանը հրաժարվել չի կարողանա»
Օրեր առաջ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ կա համաձայնություն Ռուսաստանում անցկացնել Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել էր, որ «կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ», բայց հանդիպման ամսաթիվը կհաղորդվի լրացուցիչ։
Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել էր անցած դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպումից՝ դա պատճառաբանելով Լաչինի միջանցքի փակ լինելով: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ այս անգամ ռուսաստանյան հանդիպումից Երևանը հրաժարվել չի կարողանա։
«Չեմ կարծում, թե Հայաստանը այդքան քաղաքական ռեսուրս ունի երկու անգամ մերժելու Ռուսաստանի հրավերը: Հիշում ենք, որ ամիսներ առաջ, երբ ի սկզբանե շրջափակվեց Լեռնային Ղարաբաղը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա, բայց դրանից հետո տեղի ունեցավ արտգործնախարարի այցը Մոսկվա և երկկողմանի ձևաչափով հանդիպում Լավրովի հետ: Այս փուլում, կարծում եմ, այդ հանդիպումը ևս տեղի կունենա», - ասաց Գրիգորյանը:
Ռուսաստանում սպասվող հանդիպմանը, ըստ Գրիգորյանի, ավելի գործնական հարցեր կքննարկվեն, չի շրջանցվի նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։