Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի «ակտիվիստները» այսօր երեկոյան վեցին պիտի հեռանային, բայց դեռ տեղում են. Արցախի ՆԳՆ


Ադրբեջանցի ակտիվիստները Շուշի-Քարինտակ խաչմերուկից հեռանում են հպարտ ու երջանիկ։ Ինչպես իրենց հայտարարության մեջ են բացատրել՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում արդեն սահմանային անցակետ է տեղակայվել։ Նկատի ունեն Հայաստան - Արցախ սահմանագծին Հակարիի կամրջի վրա Ադրբեջանի կահավորած անցակետը։

Ակտիվիստները այսօր երեկոյան վեցին պիտի հեռանային, բայց դեռ տեղում են. տեղեկացանք Արցախի ներքին գործերի նախարարությունից։

Բնապահպանական կոչերով 138 օր արցախցիներին պաշարման մեջ պահած ակտիվիստները հայտարարում են, որ ակցիան դադարեցնում են ժամանակավոր՝ կվերսկսեն, եթե Արցախի հանքավայրերում մոնիտորինգի հնարավորություն չստեղծվի։ Ի դեպ, հանքավայրերը ամիսներ ի վեր չեն էլ աշխատում։

Եթե ադրբեջանցի ակտիվիստները հեռանան Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհից, ոչինչ չի փոխվի, այդ միակը կիրակի օրվանից փակ է մեկ այլ հատվածում՝ Հակարիի կամրջի վրա։

«Մինչև աչքս չտենա, չեմ հավատա», - ասում է Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։

Նա դժվարությամբ է հավատում, որ Լաչինի միջանցքն ադրբեջանցիներից կազատագրվի, այնինչ եռակողմ թղթի վրա գրված ու ստորագրված է. Լաչինի միջանցք, հինգ կիլոմետր լայնքով, ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ապահովելու է Արցախ - Հայաստան կապը. - «Հիմա ռուսի թուլությունն ա թե ցանկությունն ա, տենց են անում։ Եթե էս նոր հրամանատարը որ եկել ա, ոտը դնի ասի՝ պիտի դուրս գաք, ուրեմը պիտի դուրս գան։ Եթե չանի, ուրեմն անիմաստ ա էս ամեն ինչը։ Կա'մ խաղաղապահները չեն ուզում պահպանել, իրանց ստանձնած պարտականությունները կատարել, կա'մ ի վիճակի չեն անելու»։

Ակտիվիստների հեռանալը միայն մի բան կփոխի՝ Շուշիի շրջանի չորս գյուղերի բնակիչները կկարողանան Ստեփանակերտ հասնել։ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր գյուղերը մնացել են ադրբեջանական երկու անցակետերի միջև։

«Գոնե բացվի, գնանք էն յանի վրից առևտուր անենք։ Որովհետև արդեն ոչ մի բան չունենք։ Վերջացել ա, մնացել ա մի անգամվա հաց; Ավելի լավ ա նենց գնամ-գամ, քանց թե իրանց դրոշի տակով գնամ-գամ», - ասում է մեծշենցի Մարո Մկրտչյանը։

Նա հույս ունի, որ Ստեփանակերտի խանութներում մի բան կգտնվի։ Իսկ ահա նրա համագյուղացի Գեղամ Հարությունյանը կասկածում է. - «Մեկ ա, որ գնանք ընդեղից ի՞նչ պիտի բերենք։ Ոչ մի բան»։

Հատկապես, որ Ստեփանակերտ հասնելու համար վառելիք է պետք։ Արդեն 4,5 ամիս սննդի, դեղորայքի ու վառելիքի սուր դեֆիցիտ է 120 հազար արցախցիների համար։ Առայժմ որևէ հուսադրող նշան չկա, որ այդ իրավիճակը կմեղմվի։

Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա ու շրջակայքում գործը եռում է։ «Ազատության» տեսախցիկը այսօր ֆիքսել է կամրջի վրա, որտեղ անցակետ են տեղակայել ՝ դրոշից ու «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի տարածք» գրությամբ ցուցանակից բացի նաև Ադրբեջանի Հանրապետություն գրառումն է հայտնվել՝ այդ երկրի գերբով։ Անցակետն արդեն տանիք ունի, ներսում նաև սարքավորում է երևում։

Մեր նկարահանման պահին անցակետով անարգել անցնում են ռուս խաղաղապահների «Կամազ»-ն ու «Ուրալ»-ը, իսկ դարձյալ ռուսական դրոշով երեք մարդատար ամենագնացներ մնում են անցակետի տարածքում։

Հայաստանի ու Արցախի քաղաքացիների համար կամուրջը փակ է։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն երեկ ու այսօր հիվանդների է Հյաաստան տեղափոխել։ Արցախյան առաքելության ներկայացուցիչը փոխանցեց. - «Այսօր տասներեք բուժառու են մեր ավտոներով մեր աջակցությամբ և մեր ուղեկացությամբ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Հետդարձի ճանապարհին պլանավորում ենք, որ արդեն բուժված, վերադարձող հիվանդներին մեզ հետ բերենք։ Ինչպես նաև մեր բեռնատար մեքենան կտեղափոխի դեղեր, դեղորայքներ բուժհաստատությունների համար»։

Հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը անցակետը հաղթահարող Կարմիր խաչի մեքենաներում գտնվող արցախցի հիվանդների անձնագրերը ստուգում է, Մուսայելյանը պատասխանեց. - «Դա մեր բանակցությունների մի մասն է կազմում։ Եվ դա հանրայնացնել, թե ինչպես է դա տեղի ունենում, մենք չենք կարող»։

Կամրջի շարժը կոռնիձորցիների համար տեսանելի է։ Ասում են՝ եթե ադրբեջանցիները անցակետը գործի դնեն ու ստուգումներ սկսեն, որքան էլ դա թափանցիկության անվան տակ անեն, հայերի համար միայն վտանգավոր է. - «Հարյուր տոկոսով վտանգավոր ա։ Պրոստո ռուսը պիտի պաշտպանի»։

Կոռնիձորում մինչև այս ամենը ոգևորված էին, թե Լաչինի նոր միջանցքը՝ Հայաստան - Արցախ երթևեկությունն իրենց գյուղով է անցնելու՝ դրանից բխող եկամուտներով ու աշխուժությամբ։ Հիմա ադրբեջանական հսկիչ անցակետը ջուրն է լցրել բոլոր ակնկալիքները, ունեն միայն վտանգի սպասում։

Արցախում հույս ունեն, որ ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարը կկանխի հայկական անցուդարձը վերահսկելու Ադրբեջանի ծրագիրը։ Հրամանատար Լենցովը պաշտոնական հանդիպումների փուլում է , Ադրբեջանը՝ թեժ շինաշխատանքի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG