Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ Փաշինյանի վերջին հայտարարությունները ոչ թե Ադրբեջանի ախորժակը բացող, այլ՝ Բաքվին կաշկանդող հայտարարություններ էին։
Հակարիի կամրջի փակումից ու Արցախի լիակատար շրջափակումից հետո ընդդիմադիրները, հիշեցնելով Փաշինյանի խոսքը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ «Մադրիդյան սկզբունքներով» դեռ 2007-ին Ղարաբաղն է ճանաչել Ադրբեջանի մաս, հայտարարում են՝ հենց Հայաստանի վարչապետն է Ադրբեջանին տվել ճանապարհներ ու կամուրջներ փակելու ազատությունը։ Ադրբեջանն էլ, ըստ նրանց, ասում է՝ եթե ճանաչել ես, ինչ ուզում եմ, այն էլ՝ անում եմ։
Ի դեպ, նախօրեին Բաքուն այսպես էր հակադարձել Երևանին՝ Հայաստանը ճանաչում է իր տարածքային ամբողջականությունը, ուստի պետք է հարգի սեփական տարածքի ելումուտը վերահսկելու Ադրբեջանի իրավունքը։
«Իրականում դրանք Ադրբեջանին կաշկանդող հայտարարություններ են. ընդամենը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից։ Այո, ասում ենք, որ դա Ադրբեջանի տարածք էր։ Եթե խոսքը գնում է նրա մասին, որ տարածք է, դա կորոշվի այդ երկխոսության ճանապարհով՝ Ադրբեջան-Ղարաբաղ։ Եթե մենք պահանջում ենք միջազգային երաշխիքներ, եթե մենք պահանջում ենք, որ խնդիրը պիտի լուծվի երկխոսությամբ, փոխզիջումներով, եթե մենք պնդում ենք, որ Ղարաբաղի ժողովուրդը պիտի ունենա իր մարդկային բոլոր իրավունքներն այդ տարածքում, դրանից ավելի բան Հայաստանը դժվար կարար ասեր, որը միջազգային արձագանք կգտներ, որ ասեին՝ ճիշտ են ասում», - նշեց նա։
«Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմի պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը, և հետևաբար փաստարկները ի մի բերելով պիտի արձանագրենք, որ իր իսկ ստանձնած պարտավորությամբ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է», - ասել էր վարչապետը։
Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հիշեցնելով՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանը կարծիք հայտնեց՝ նաև սա է խթանել այս իրավիճակը. - «Հայաստանի այս գործընթացի մեջ հատկապես քաղաքական և անվտանգային բաղադրիչով ներգրավվածության բացակայությունը Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել այս գործընթացներում։
Առաջին գործող դերակատարն այստեղ պետք է լիներ Հայաստանը և գործընթացն առաջ մղելու, և բանակցությունների, և նաև միջազգային տարբեր կառույցների հետ բանակցություններ վարելու առումով, որովհետև Արցախի Հանրապետության չճանաչվածության պայմաններում բնական էր, որ Արցախի շահերը տարբեր կառույցներում առաջ մղելու անհրաժեշտություն կա»։
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը շարունակում է Հայաստանի սխալները թվարկել՝ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հայտարարում է՝ Արցա՛խ ու Ադրբեջա՛ն, գնացեք, բանակցեք, իսկ Ադրբեջանը տեսնում է, որ Արցախի ժողովուրդը մնացել է անպաշտպան. - «Հայաստանի իշխանությունները պետք է բավականին նախաձեռնողական, ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարեին՝ շեշտելով այս Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը, դա ըստ Արցախի՝ քաղաքական կարգավորման խնդիրը վերադարձնեին միջազգային բանակցային օրակարգ։ Այս իշխանությունները կարծում են, որ եթե իրենք Ադրբեջանին փշի-փշի անեն, այսպես ասած, սիրահետեն, փորձեն զիջումներ, ցանկացած պահանջի առջև ընկրկել, իրենք կկանխեն մեծ պատերազմը, բայց ոչ, դա այդպես չէ»։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» կոչ են անում մոռանալ արցախցիներին պաշտպանելու ռազմական ճանապարհը. Հայաստանը այդ հնարավորությունը չունի։
«Մեր ուսերին այլ պատասխանատվություն է դրված՝ մենք պարտավոր ենք երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, որը վտանգվում է ամեն օր, և այդ երաշխավորված վիճակից պաշտպանենք Արցախին», - ընդգծեց իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Ազատության» հարցին, թե ուշ չի՞ լինի, Արցախը չի՞ հայաթափվի այդ քաղաքականությունը կյանքի կոչելու համար, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. - «Իսկ հակառակ դեպքում կերաշխավորվի՞, որ այնտեղ մնո՞ւմ են, ինչի՞ Հայաստանն է որոշում՝ կհայաթափվի, թե չէ»։
Իշխող պատգամավորը չի կարծում, որ Լաչինի միջանցքը բացելու բանակցություններում Հայաստանի մասնակցության կարիք կա։ Ասոմ է` եթե մասնակցի ռուսների ու ադրբեջանցիների հանդիպումներին, նոր զիջումների հարց կարող է դրվել, իսկ Հայաստանը, ըստ պատգամավորի, պետք է անզիջում լինի։
«Դա ռուսների և ադրբեջանցիների խնդիրն է, պարզապես Հայաստանն այնտեղ բացի նրանից, որ չի կարելի դա անել, ուրիշ անելիք չունի, որ մենք ասել ենք։ Հիմա գնանք, բանակցային սեղանի շուրջ ի՞նչ բանակցենք։ Ես կարծում եմ, որ դա հերթական սադրանքն է՝ ստիպել Հայաստանին զիջել իր ինքնիշխան իրավունքները ճանապարհների բացման առիթով», - շեշտեց Վիգեն Խաչատրյանը։
Անցակետ տեղադրելու Ադրբեջանի քայլը էթնիկ զտումների քաղաքականության իրագործում համարելով՝ Երևանը Մոսկվային էր կոչ արել «ի վերջո կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը»։
Ռուսների գործողությունները կամ անգործությունը ընդդիմադիր Արթուր Խաչատրյանին ևս չեն բավարարում. - «Կոչ ենք ռուս խաղաղապահներին իրականացնել այն, ինչի համար որ իրենք եկել են Լաչինի միջանցք։ Վերջիվերջո, իրենք եկել են Լաչինի միջանցք և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որպեսզի ապահովեն այնտեղի բնակիչների անվտանգությունը»։
Ռուս խաղապահները, ասում է Տիգրան Աբրահամյանը, փորձում են կանխել ադրբեջանցիների նախաձեռությունը ավարտին հասցնելը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին անցակետի տեղադրումից ավելի քան երկու օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրան հրապարակավ դեռ չի արձագանքել: