Մատչելիության հղումներ

Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են 


Արդբերջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը։
Արդբերջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը։

Ավելի քան չորս ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը երեկ հերթական քայլն արեց՝ անցակետ տեղադրելով Արցախը Հայաստանին կապող սահմանագծում՝ Հակարիի կամրջի վրա։

Մինչ ադրբեջանցիները շարունակում են հաստատվել այդ հատվածում, ռուսական խաղաղապահ զորակազմը բանակցում է նրանց հետ՝ ճանապարհը բացելու նապատակով։

Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահին էլ բանակցությունները շարունակվում են, բայց առայժմ անարդյունք. - «Բանակցությունները շարունակվում են, վարվում են։ Դեռևս որևէ արդյունք չկա այս պահի դրությամբ»։

Իշխող խմբակցության ղեկավարի տեղեկություններով, ռուսները փորձել են կանխել ճանապարհի փակումը

Լաչինի միջանցքը, նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

Հարցին, թե ինչու երեկ, երբ ադրբեջանցիները բեռնատար ու ռազմական մեքենաներով փակում էին Հակարիի կամուրջը, հարևանությամբ տեղակայված ռուս խաղաղապահները չեն կանխել նրանց գործողությունները, Արթուր Հարությունյանը պատասխանեց, թե միանշանակ պնդել չի կարող, բայց, իր ունեցած տեղեկություններով, ռուսները փորձել են խոչընդոտել, բայց ապարդյուն. - «Չեմ կարող դա ոչ հաստատել, ոչ հերքել... ուղղակի լսելով գիտեմ, որ խոչընդտել է եղել, որոշակի բաներ եղել է, բայց արդյունքում էդ տեխնիկաները հայտնվել են Լաչինի միջանցքում»։

Պաշտոնական Ստեփանակերտն այսօր տարածած հայտարարության մեջ շեշտել է. - «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանը Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողությունը փոխանցել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմին։ Հետևաբար Ստեփանակերտն ակնկալում է ինչպես միջազգային հանրությունից, այնպես էլ եռակողմ հայտարարության կողմերից և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր Ռուսաստանից, միանշանակ արձագանք ու գործուն քայլեր՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու և Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Պաշտոնական Ստեփանակերտը զգուշացրել է՝ քայլերի բացակայությունը «թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»

Նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին երեկ զգուշացրել էր՝ միջազգային համայնքի կողմից համարժեք քայլերի բացակայությունը «թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։

Ի՞նչ քայլեր մասին է խոսքը։ Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարն ասաց, թե այս պահին չի ցանկանում փակագծեր բացել, բայց Արթուր Հարությունյանի խոսքով, արցախցիները ինքնորոշման իրավունքից չեն հրաժարվելու. - «Եվ եթե փորձեր լինի ուժի կիրառմամբ, կամ բռնի տեղահանելու, կամ այլ ձևով էթնիկ զտումներ իրականացնելու, մենք պայքարելու ենք դրա դիմաց»։

Արցախի Շուշիի շրջանի 4 գյուղերը երեկվանից հայտնվել են լիակատար շրջափակման օղակում

Մինչ ռուսները բանակցում են այս անգամ էլ Հակարիի կամուրջը բացելու շուրջ՝ Հայաստանից և Արցախից լիակատար կտրված չորս համայնքներում՝ Հին Շենում, Մեծ Շենում, Եղցահողում ու Լիսագորում, փորձում են հասկանալ, թե ինչպես են առաջիկայում գոյատևելու. - «Վիճակը անտանելի ա, ավելի վատ, քան եղել ա»։

Շուշիի շրջանի չորս գյուղերը երեկվանից հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։ Անցած տարվա դեկտեմեբերին փակելով Լաչինի միջանցքը Շուշիի հատվածում ՝ Ադրբեջանը զրկել էր այս գյուղերին Ստեփանակերտի հետ կապից։ Հիմա փակ է ճանապարհը նաև Հայաստանի հետ։ Շտապ բուժօգնության կարիքի դեպքում մարդիկ ոչ կարող են Ստեփանակերտ հասնել և ոչ էլ Գորիս։

Շրջափակման մեջ հայտնված այս համայնքներում բնակիչներից ոմանք կարծում են, թե Բաքուն երեկ դիմեց կոշտ քայլերի և անցակետ տեղադրեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհին՝ ի պատասխան վարչապետ Փաշինյանի անցած շաբաթվա հայտարարությունների։ Փաշինյանը խորհրդարանում պնդել էր, թե դեռ 2007 -ին Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

«Էրկու օր առաջ մեր ղեկավարությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ ասում ա՝ եթե ճանաչել ես, իմն ա, ես էլ ինչ ուզում եմ, անում եմ։ Էդ ա։ Ուրիշ պատճառ չկա, ուրիշ խնդիր չկա։ Մենք ենք իրան էդ ազատությունը տալիս, որ անի էն, ինչ որ ուզում ա։ Ուրիշից նեղանալ պետք չի», - ասում է լիակատար շրջափակման մեջ հայտնված գյուղերից մեկի բնակիչը։

Արթուր Հարությունյանը նշում է, թե միանշանակ չի կարող ասել՝ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումը Փաշինյանի հայտարարությունների՞ հետևանքն է, թե՞ ոչ։ Բայց ամեն դեպքում կարծում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամոբղաջականության ճանաչումը հաշվի առնելով՝ Բաքուն կարող է արդարացնել իր գործողությունները. - «Ես կապը էնքանով եմ տեսնում, որ Ադրբեջանը, տեսնելով նաև Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ, տարածքային ամբողջականության ճանաչման, կարող է նաև էդ հիմքով փորձի ներկայացնի, որ այո, տարածքային ամբողջականությունը ճանաչված է, դա պետական սահման է և այլն»։

Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը միաժամանակ անընդունելի է համարում վարչապետ Փաշինյանի պնդումը, թե Մադրիդյան սկզբունքերով դեռ 2007 -ին Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Նախ, ըստ Արթուր Հարությունյանի, Մադրիդյան սկզբունքերի շուրջ ստորագրված որևէ փաստաթուողթ գոյություն չունի, դա հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքային փաստաղթղերից մեկն է եղել։ Հետևաբար հիմնվել այդ չստորագրված փաստաթղթերից մեկի վրա ու պնդել, թե Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում ու չեզոքացնել Արցախի ինքնորոշման իրավունքը, պարզապես անընդունելի է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG