Մատչելիության հղումներ

Լենցովն արդեն Արցախում է, ճանապարհի բացումը նրա հեղինակության հարցն է. Սամվել Բաբայան


Ալեքսանդր Լենցովը, արխիվ
Ալեքսանդր Լենցովը, արխիվ

Խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովն արդեն Արցախում է, այսօրվանից նա է վարելու բանակցությունները ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետը հանելու շուրջ։ «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ընդգծելով, որ ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարի հեղինակության հարցն է լինելու։

«Էսօրվանից պետք է սկսեն բանակցությունները և սկսեն գործողությունները, իմ կարծիքով, մի երկու օր հետո պիտի արդեն կոնկրետ երևա՝ ինչ են արել: Հիմա տեսնենք՝ ինչքանով են կարողանալու թույլ չտան, որ շարունակվի էդ ցիրկը», - նշեց Բաբայանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում չորեքշաբթի երեկոյան հաստատեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնում Անդրեյ Վոլկովին փոխարինել է Ռուսաստանի Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, պաշտպանության նախարարի խորհրդական 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։

Սերգեյ Ղազարյան
Սերգեյ Ղազարյան

Արցախի արտգործնախարարը նախօրեին Հանրային տված հարցազրույցում չէր հերքել այդ փաստը։ Սերգեյ Ղազարյանը նաև ընդգծել էր` պաշտոնական Ստեփանակերտը նախևառաջ ցանկանում է պարզել, թե որոնք են Բաքվի հետ հարաբերություններում ռուսական կողմի «կարմիր գծերը»։

«Ադրբեջանական կողմը, այսպես կոչված, կարմիր գծերը ռուսական խաղաղապահների հետ մղելով տանում է: Միևնույն ժամանակ, ռուսական կողմից տարբեր շրջանակների ներկայացուցիչներ խոսում են, որ իրենց ուշադրությունը սևեռված է այլ ուղղության վրա [Ուկրաինայի], և դրանից շատ լավ օգտվում է ադրբեջանական կողմը: Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք կա մի սահմանագիծ կամ, ասենք, համբերության բաժակ, արդյո՞ք ռուսական կողմը ունի այս առումով», - նշել է Ղազարյանը:

Սամվել Բաբայանի տեղեկություններով, վերջին իրադարձություններից հետո, ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարի հետ Արցախ է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական պատվիրակություն՝ իրավիճակը քննարկելու նպատակով։

«Պետք է վեշերը կապեն, դուրս գան Արցախից, եթե չեն կարողանում այդ ճանապարհը բացեն»

Կհաջողվի՞ ի վերջո բացել Լաչինի միջանցքը, Արցախում գտնվող Սամվել Բաբայանն համոզմամբ, դա կախված է, թե ռուսները որքանով կդիմեն կոշտ միջոցների։

«Էդ անցակետն ուղղակի շպրտի էդ ճանապարհից, ու իրանք նստեն, իրանց պաշտպանությունը կդնեն, որ Ադրբեջանը գիտակցի, որ արդեն ուժ է գործադրելու, որովհետև եթե ուժ չի գործադրում, Ադրբեջանը լեզվով ոչ մի բան չի ընկալելու», - ասաց Բաբայանը:

«Ազատության» հարցին՝ կարծում է ռուս խաղաղապահները այդպիսի կոշտ միջոցների կգնա՞ն բանակցությունների ընթացքում, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարը պատասխանեց. - «Այլընտրանք չունեն, պետք է վեշերը կապեն, դուրս գան Արցախից [ռուսները], եթե իրանք չեն կարողանում այդ ճանապարհը բացեն, այլընտրանք չունեն»:

Դեռ ամիսներ առաջ՝ անցած դեկտեմբերին, ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել որտեղ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Վոլկովը ադրբեջանցի լրագրողներին ասում էր, թե Բաքվի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրված ռուսական անցակետը վերածվի մինի մաքսակետի` զինված հատուկ սարքավորումներով:

«Հիմա ադրբեջանական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել, այսպես ասած, մինի մաքսակետ, հատուկ սարքավորումներ դնել մեր առաջին անցակետում», - ասել էր Վոլկովը:

Բաքվից լրատվամիջոցները պնդում էին, թե մաքսակետը ադրբեջանական է լինելու: Արցախից հերքել ու հակադարձել էին, թե խոսել են Վոլկովի հետ, վերջինս էլ վստահեցրել է՝ «միջանցքում ադրբեջանական հենակետ չի լինելու, նախատեսվում է ընդամենը ռուսական անցակետում տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»: Դրանից հետո` փետրվարին, նույնը նաև Ռուսաստանի արտգործնախարարն էր հայտարարել` ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

«Որևէ հսկիչ անցագրային կետերի ստեղծում այնտեղ նախատեսված չէ, բայց առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվում է, ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի», - փետրվարին ասել է Սերգեյ Լավրովը։

Ստեփանակերտը Լաչինի միջանցքում սկաների տեղադրման հնարավորությանը դեռ չի արձագանքել

Պաշտոնական Ստեփանակերտը Լաչինի միջանցքում սկաների տեղադրման հնարավորությանը դեռ չի արձագանքել: Արցախի ընդդիմադիր «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը կարծում է, որ այժմ դա լավագույն լուծումը կարող է լինել: Ըստ Բաբայանի, ռուսները պետք է նախ կարողանան հանել ադրբեջանական անցակետը, ապա 2 կողմերի համաձայնությամբ սկաներ սարք տեղադրել` միայն ռուսների վերահսկողությամբ բեռնատարները ստուգելու համար: Այդ տարբերակով հայկական և ադրբեջանական կողմերը բեռնափոխադրումներին կարող են օնլայն հետևել։

Խնդրի լուծման այս տարբերակը, Արցախի պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ, որևէ վտանգ չի ներկայացնում։

«Խնդիրը նրանում է, որ սուտ ասել, որ զենք են տեղափոխում, դրա համար են պոստ դնում, դա փարատվի և այդ հարցն այլևս չդրվի օրակարգում: Ես չգիտեմ Արցախի իշխանությունը համաձայն է, թե՝ ոչ, սկաները որևիցե մեծ վնաս չի տալիս, եթե ռուսական կողմն է հետևում ու պատասխանատուն», - ընդգծեց Բաբայանը:

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Խնդրի հնարավոր հանգուցալուծման ուղիների մասին կողմերը տեղեկություն չեն հաղորդում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG