ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրները առանձին-առանձին մտահոգություն են հայտնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։
Ուղերձն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հաստատեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ։ Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, և Վաշինգտոնը փորձում է առաջ շարժվել և ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ», - ասաց նա։
Հարցին՝ արդյոք այն, ինչ հիմա տեղի է ունենում արցախցիների նկատմամբ, չի՞ կարող բնորոշվել որպես ցեղասպանության փորձ, դեսպանն ասաց՝ որևէ որակավորում տալու իրավասություն չունի, բայց կարող է ասել, որ Վաշինգտոնն այս պահին պատժամիջոց չի կիրառում Բաքվի նկատմամբ, ինչ կլինի հետո՝ չի կարող մեկնաբանել։
Մինչև այդ Պետդեպարտամենտն էր հայտարարել, թե Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ։ Վաշինգտոնը միաժամանակ դիմել է կողմերին՝ հորդորելով վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից։
Մտահոգություն է հայտնել նաև Ռուսաստանը, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, թե Մոսկվան շարունակում է միջնորդական ջանքերն իրավիճակը հարթելու ուղղությամբ։
«Ռուսաստանը կշարունակի այդ ջանքերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, շփումները շարունակում ենք, իրավիճակն իսկապես բարդ է, այն հավելյալ ջանքեր է պահանջում և կարևորը՝ պահանջում է Երևանի ու Բաքվի կողմից ըմբռնում, որ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն», - ասել է նա։
Ռուսաստանի արտգործնախարարությունը ևս ընդգծել է, թե «անթույլատրելի է ցանկացած միակողմանի քայլ, որը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնարար դրույթները»։ Մոսկվան մանրամասնել է՝ անթույլատրելի է, թե՛ Լաչինի միջանցքում գործող ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունը, թե՛ դրա օգտագործման փորձը՝ խաղաղ օրակարգին չհամապատասխանող նպատակներով։
«Որևէ պարագայում խաղաղ բնակչությունը չպետք է տուժի, և նրա կենսագործունեությանը խոչընդոտներ չպետք է հարուցվեն»,- հայտարարել է պաշտոնական Մոսկվան, կարծիք հայտնելով, թե «ծագած բազմաթիվ խնդիրները երկար ամիսներ տևող պարապուրդի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունների շուրջ ընթացող բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության հետևանք են»։
«Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական դինամիկան», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ պատրաստ է՝ «մերձավոր Ադրբեջանին ու Հայաստանին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել թե՛ քաղաքական մակարդակում և թե՛ տեղում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ»։
Պաշտոնական Փարիզն, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհին անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին։ Ֆրանսիան Բաքվին կոչ է արել հետևել Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժն ապահովելու որոշմանը, որը հրապարակվել է դեռևս երկու ամիս առաջ։
Այն պարտադիր է կատարման համար, ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Բաքուն միանգամայն անհիմն է որակել Փարիզի այս պնդումը։
«Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում» հսկիչ անցագրային կետ տեղադրելու լեգիտիմ իրավունք ունի, և որևէ հիմք չկա պնդելու, թե այդ քայլը հակասում է եռակողմ հայտարարությանը, որևէ միջազգային փաստաթղթի դրույթներին կամ էլ դատարանի որոշմանը», - հայտարարել է ԱԳ նախարարությունը։
Ավելի վաղ Բաքուն նույն կերպ հակադարձել էր նաև Հայաստանի արտգործնախարարությանը, որը պնդել էր, թե անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնել և իրագործել այն ամբողջությամբ հայաթափելու իր հետևողական քաղաքականությունը։
«Սա Երևանի կողմից հերթական փորձն է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, ինչն անընդունելի է»,-նշել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով՝ բոլորին է հայտնի, որ Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում, որոնց հայկական կողմը հաճախ է հղում անում, Հայաստանը հայտարարել է, որ «ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանություն ու տարածքային ամբողջականությունը»։ Դրանից բխում է, որ Հայաստանը պետք է ընդունի և հարգի սեփական տարածքի ելքն ու մուտքը վերահսկելու Ադրբեջանի իրավունքը, պատասխանել է պաշտոնական Բաքուն։