Մատչելիության հղումներ

«Գրեթե վստահ եմ, որ ԱԳՆ-ն և Կառավարությունը հավանություն են տվել «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման նախագծին»․ Սարդարյան

«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթողի տեղադրման որոշումը կայացրել է Երևանի ավագանին։

Ապրիլի 25-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից բացված հուշակոթող-աղբյուրի տեղադրման որոշումն, ըստ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի, կայացվել է չորս տարի առաջ։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հուշարձան-աղբյուրի բացման ժամանակ, 25-ը ապրիլի, 2023թ․
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հուշարձան-աղբյուրի բացման ժամանակ, 25-ը ապրիլի, 2023թ․

«Նեմեսիս» հուշակոթողի միջնորդություն-առաջարկով հանդես են եկել ցեղասպանության վրիժառուների ժառանգները։ 2019 թվականին Երևանի ավագանին, միաձայն որոշմամբ, ընդունել է որոշում, ըստ որի, պիտի հուշարձանը տեղադրվի և հուշարձանը տեղադրվեց, ըստ էության», - «Ազատությանն» ասաց Սարդարյանը։

«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը, ըստ նախաձեռնության հեղինակների, հավերժացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ին Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը: Հուշարձանի տեղադրումը պաշտոնապես դատապարտել են Բաքուն և Անկարան։

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «այդ քայլն անհամատեղելի է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացի ոգու հետ, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: Ընդհակառակը՝ բացասական ազդեցություն կունենան նորմալացման գործընթացի վրա»։

Հայաստանի արտգործնախարարությունից Անկարայի այս հայտարարությանը դեռ պատասխան չկա։

Արդյո՞ք հուշարձանի տեղադրումը համաձայնեցվել է Կառավարության կամ Արտաքին գործերի նախարարության հետ։ Ըստ Սարդարյանի՝ սովորաբար նման որոշումները համաձայնեցվում են։

«Սովորաբար նման դեպքերում, բնականաբար, ներքին քննարկումներ լինում են։ Ենթադրում եմ, որ 2019-ին նման քննարկումներ նույնպես եղել են, և գրեթե վստահ եմ, որ քննարկումների պարագայում, Արտաքին գործերի նախարարությունը և Կառավարությունն, ընդհանուր առմամբ, հավանություն են տվել նախագծին», - ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետը։

Ճշտող հարցին, թե առանց այս հավանության, ավագանին չէր կարո՞ղ որոշում կայացնել, Սարդարյանը պատասխանեց․ - «Ըստ էության, կարող էր, որովհետև Երևանը համայնք է, և Երևանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի։ Սակայն, այս դեպքում, ենթադրում եմ, որ խորհրդակցություններ եղել են, ենթադրում եմ, որ խորհրդակցությունների արդյունքում թե՛ արտաքին գերատեսչությունը, թե՛ Կառավարությունն առարկություններ չեն ունեցել և չունեն մինչ այս պահը, որովհետև հուշարձանը բացվեց արդեն»։

Իսկ իր ենթադրություններն, ըստ Սարդարյանի, հիմնված են նրա վրա, որ հուշարձանը բացվել է։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG